Իլհամ Ալիևը տանուլ է տալիս «Եվրոպական խաղերում»
Եվրոպական հանրային կարծիքում բարենպաստ կերպար ձևավորելու նպատակով կատարված ադրբեջանական ներդրումները սպասված արդյունքները չեն ապահովում։ Վկայությունն է համաեվրոպական կառույցների՝ Եվրոպական խորհրդարանի (ԵԽ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) վերջերս ընդունած բանաձևերը, մարդու իրավունքների հարցերով մասնագիտացված հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների կարծիքները, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները։
Իհարկե, Ադրբեջանին քննադատող հայտարարությունները նորույթ չեն, սակայն Եվրոպական խորհրդարանի և ԵԽԽՎ վերջին բանաձևերը աչքի են ընկնում առանձնակի կոշտությամբ, խիստ գնահատականներով և կոնկրետ գործողություններ ձեռնարկելու կոչերով, մինչև անգամ կոռուպցիոն մեղադրանքներով հետաքննություն անցկացնել նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
Խնդիրը երկակի բացատրություն կարող է ունենալ։ Առաջինը նորմատիվային է։ Ադրբեջանը հատել է սահմանը, որից անդին Արևմուտքի համար այլևս անհանդուրժելի է ադրբեջանական ավտորիտար իշխանությունների կողմից եվրոպական արժեքների խրոնիկական ոտնահարումը:
Չթվա, թե քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ բռնճնշումների համար ադրբեջանական քարոզչական մեքենան եվրոփաթեթավորված արդարացումներ չունի։ Ունի, այն էլ ինչպիսի բազմազանությամբ։
«Մայդանի» ուրվականը մշտապես հետապնդում է արդեն իր գործելաոճով դասական բռնակալներին նմանվող նախագահ Ալիևին։ Նա բազմիցս հայտարարել է, որ Արևմուտքի որոշ «չար ուժեր», երբեմն հայկական լոբբի հետ համատեղ, ջանք չեն խնայում Ադրբեջանում հեղափոխություն կազմակերպել՝ նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել աշխարհում «ամենաանկախ» և սեփական գիծը տանող նախագահին։
Վերջերս ազերի պրոպագանդիստները շրջանառում են նաև կրոնական խաղաքարտը՝ իբր Արևմուտքի հակաադրբեջանական մոտեցումը պայմանավորված է հակաիսլամական շարժման սաստկացմամբ։
Ներքին թշնամիների դեմ պայքարը Ադրբեջանում ավելի դյուրին է դառնում արտաքին թշնամու՝ Ալիևի խոսքերով «ողջ հայության» գոյությամբ։ Հակահայկական հիստերիան անլսելի բարձունքների է հասել Ադրբեջանում, ինչը երբեմն զավեշտալի դրսևորումներ է ստանում։ Հիշենք միայն հայկական դրոշի գույներով դասագրքերի շուրջ բարձրացված վայնասունը։
Նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Ալիևի կլանն առանձնակի կոշտությամբ է արձագանքում ցանկացած քննադատական ձայնի։ Յունուսների և Իսմայիլովայի նկատմամբ կայացրած ծանր դատավճիռները դրա վկայությունն են։ Ահա մարդու իրավունքների և ժողովրդավարության իրավիճակի շարունական վատթարացման պայմաններում, թվում է, թե սպառվել է Արևմուտքի համբերությունը, որն իր արտացոլումը գտավ սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդուված բանաձևում։
Բանաձևում ասվում է, որ Եվրոպական խորհրդարանը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում 2015թ․-ի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություներին, քանի որ գտնում է, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար հիմքեր չկան։ Ավելին, կոչ է արվում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը և ԵՄ ադամ երկրներին՝ առայժմ զերծ մնալ ընտրական դիտորդական գործողություններից։ Նշում է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) առաքելությունը ներկայումս գործում է և չափազանց կարևոր է իմանալ նրա վերլուծությունները երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Սակայն, ընդամենը 1 օր անց, ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Գեորգ Լինքը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից դիտորդական առաքելության սահմանափակումների հետ կապված ԺՀՄԻԳ-ը չունի այլ ընտրություն, քան չեղյալ համարել իր դիտորդական առաքելությունը` Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքի դիրքորոշման կոշտացման մեջ կարևորվում է նաև երկրորդ հանգամանքը։ Վերջին աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, մասնավորապես՝ Իրանի հետ պատմական համաձայնության հասնելուց հետո, ինչպես նաև նավթի համաշխարհային գնի շարունակական անկման համատեքստում, Ադրբեջանը կորցնում է իր ռազմավարական նշանակությունը Արևմուտքի համար, ինչը թույլ է տալիս ավելի խիստ քննադատությունների և նույնիսկ պատժամիջոցների, թիրախային սանկցիաների, վիզային արգելքների կիրառման կոչեր հնչեցնելուն
Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի նախորդ բանաձևերում քննադատությունների հետ մեկտեղ նշվում էր Ադրբեջանի ռազմավարական կարևորությունը, հատկապես էներգակիրների ապահովման տեսանկյունից։
Սեպտեմբերի 10-ին ընդունված բանաձևում գրեթե խոսք չկա այդ մասին։ Ընդհակառակը, նշվում է, որ Ադրբեջանի հետ ստրատեգիական գործընկերության համաձայնագիրը պետք է անմիջապես կասեցվի, քանի դեռ կառավարությունը կոնկրետ քայլեր չի կատարել մարդու համընդհանուր իրավունքների հարգման առումով։
Մեկ այլ օրինակ։ Ադրբեջանական լոբբիին 2013թ. հաջողվել էր ԵԽԽՎ-ում տապալել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ բանաձևը, որին այնուհետ հղում անելով, Ադրբեջանի պաշտոնյաները, նախագահ Իլհամ Ալիևը, հպարտորեն հայտարարում էին, որ իրենց երկրում քաղաքական բանտարկյալներ չկան։ Այնինչ, 2015թ. հունիսի 24-ի «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» վերնագրված ԵԽԽՎ բանաձևում արդեն ԵԽԽՎ-ն հստակ կոչ է անում ազատել բոլոր քաղբանտարկյալներին։
Ճիշտ է, նման բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն և անմիջական ազդեցություն իրավիճակի փոփոխման առումով չունեն։ Սակայն դրանք ազդում են հանրային կարծիքի և այդ երկրով զբաղվող կամ հետաքրքրված տարբեր պաշտոնյաների, հետազոտողների և այլ անձանց դիրքորոշումների ձևավորման վրա։
Միամիտ կլինի կարծել, որ նորմատիվային տարր կգերակշռի միջպետական հարաբերություններում։ Միևնույն ժամանակ Ադրբեջանական կողմի արձագանքը Եվրոպական խորհրդարանի սեպտեմբերի 10-ի և ԵԽԽՎ-ի հունիսի 24-ի բանաձևերին ցույց է տալիս, որ քննադատության «ասեղը» դիպչել է բռնապետի նյարդին, ով բնականաբար ջղաձգվելու բոլոր իրավունքներն ունի, նախևառաջ մարդկային տեսակետից։
Միլիոնների հասնող ծախսեր, եվրոպական խաղերից սկսած Մադրիդի «Ատլետիկոյի» մարզաշապիկներից վերջացրած, և արդյունքը ինչ՝ ՈՉԻՆՉ։
Թերևս վիրավորված ինքնասիրություն, ինչը Ալիևը փորձելու է վերականգնել։ Եվ այդ գործը սկսել է ֆրանսիական F2 հեռուստալիքին իրեն բռնակալ անվանելու համար դատի տալով և Բաքվում ԵՄ դեսպանին ԱԳՆ կանչելով։
Աննա Մկրտչյան, քաղաքագետ
Նախորդող հրապարակումներ
Թեժ քննարկում Եվրախորհրդարանում․ ընդունվեց Ադրբեջանին խստագույնս դատապարտող բանաձև
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր. Ադրբեջանում իրավիճակը վատթարացել է
Ադրբեջանը կարող է դադարեցնել ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը
Ադրբեջանի պարտությունը ԵԽԽՎ-ում․ զեկույցից հանվեց ադրբեջանցիների համար այդքան ցանկալի «ԼՂ օկուպացիա» տերմինը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին