Կատալոնացիները վերսկսում են ցույցերը հանուն անկախության
Մոտ 500.000 կատալոնացիներ սեպտեմբերի 11-ին դուրս էին եկել Բարսելոնայի փողոցներ: Երթերի և ցույցերի նոր ալիքը Բարսելոնայում սկսվել է այն բանից հետո, երբ կատալոնացիների առաջնորդները հանդես են եկել Իսպանիայից անջատվելու վերաբերյալ նոր կոչերով:
Սեպտեմբերի 27-ին նշանակված տարածաշրջանային օրենսդիր մարմնի ընտրություններին ընդառաջ եւ Կատալոնիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված անկախության երթը շրջանի անջատողական քաղաքական գործիչները ներկայացնում են, իբրեւ փաստացի անկախության հանրաքվե:
Կատալոնացիների առաջնորդ Արթուրո Մասը, ինչպես հաղորդում է The New York Times-ը, հայտարարել է, որ գալիք ընտրությունները հազվագյուտ հնարավորություն են երկրամասի համար՝ դառնալու նոր եվրոպական պետություն: Նա կոչ է արել Մադրիդի կենտրոնական իշխանություններին Կատալոնիային տալ անջատվելու իրավունք, եթե անկախական կուսակցությունները ստանան խորհրդարանական մեծամասնություն:
«Մենք չենք կարող կորցնել այս հնարավորությունը», - հայտարարել է Արթուրո Մասը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, սակայն, պնդում է, որ երկրամասի խորհրդարանական ընտրությունները չեն կարող նմանեցվել անկախության հանրաքվեի, որի անցկացումը նախորդ տարի Իսպանիայի Սահմանադրական դատարանը ճանաչել էր անօրինական:
Թեմայի շուրջ՝
Անկախացման կողմնակից Կատալոնիայի ղեկավարին քրեական հետապնդում է սպասվում