Վենետիկի հանձնաժողովը ողջունում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածի վերախմբագրված տարբերակը
Վենետիկի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի երեկոյան հրապարակել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ երկրորդ միջանկյալ կարծիքը, որտեղ, ի թիվս այլ նկատառումների, նաեւ ներկայացված է համամասնական ընտրակարգի անցնելու եւ կայուն խորհրդարանական մեծամասնություն կազմելու վերաբերյալ Սահմանադրության փոփոխության նախագծի առանցքային համարվող 89-րդ հոդվածի վերախմբագրված տարբերակը:
«Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե Ազգային ժողովի ընտրության արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձեւավորման միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Քաղաքական կոալիցիաների ձեւավորման վերաբերյալ սահմանափակումները, պայմանները եւ ընթացակարգը պետք է սահմանվեն Ընտրական օրենսգրքով»:
Ըստ Վենետիկի հանձնաժողովի հրապարակած կարծիքի, այսպիսի տեսք է ստացել ՀՀ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կողմից օգոստոսի 20-ին ներկայացված նախագծի 89-րդ հոդվածի 3-րդ կետը՝ հանձնաժողովի փորձագետների հետ Երեւանում օգոստոսի 24-ին կայացած քննարկումներից հետո վերախմբագրման արդյունքում:
Ըստ նոր հրապարակած փաստաթղթի, ներկայումս քննարկվող նախագծից հանվել են 89-րդ հոդվածի 4-րդ եւ 7-րդ կետերը:
Հուլիսի 30-ին հրապարակված առաջին միջանկյալ կարծիքը առաջարկում էր Սահմանադրության մեջ ներառել միայն ընտրական համակարգի սկզբունքային կետերը, որպեսզի հետագա համակարգային բնույթի զարգացումներում հնարավոր լինի դրսեւորել անհրաժեշտ ճկունություն, ինչպես, օրինակ, ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորությունը սահմանել նոր Ընտրական օրենսգրքի մակարդակով:
Սահմանադրական հանձնաժողովի կողմից փոփոխված նախագծում պառլամենտական ընտրությունների երկրորդ փուլը այլեւս ոչ թե ընտրական համակարգի անհրաժեշտ բաղկացուցիչ է, այլ հնարավորություն, որը հետագայում կարող է սահմանվել Ընտրական օրենսգիրքով:
Վենետիկի հանձաժողովը ողջունել է այս լուծումը, որը համահունչ է նախորդ միջանկյալ կարծիքում արված առաջարկություններին:
Վենետիկի հանձաժողովի կարծիքով, ապագա Ընտրական օրենսգիրքը պետք է սահմանի ընտրական համակարգը ամենայն մանրամասնությամբ: Եթե ընտրվի երկրորդ փուլով անցնելու ճանապարհը, օրենսգիրքը մասնավորապես պետք է սահմանի «կայուն խորհրդարանական մեծամասնություն» եզրը, որպես պայման՝ երկրորդ փուլ չանցկացնելու համար:
Վենետիկի հանձնաժողովի կողմից սեպտեմբերի 11-ին հրապարակված երկրորդ միջանկյալ կարծիքը ներկայացնում է հանձնաժողովի փորձաքննության արդյունքները սահմանադրական փոփոխությունների նախագծի 8, 9, 11 և 16-րդ գլուխների վերաբերյալ: Նշված գլուխները վերաբերում են Դատախազությանը և քննչական մարմիններին, Տեղական ինքնակառավարման մարմիններին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Սահմանադրության ընդունմանը, փոփոխմանը և հանրաքվեին: Հիշեցնենք, որ մյուս գլուխների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը կարծիք ներկայացրել էր դեռևս հուլիս ամսին: