Զայրացած թուրք ոստիկանը`քրդաբնակ քաղաքի բնակիչներին. «Բոլորդ հայ եք»
Թուրքիայի` մեծամասամբ քրդերով բնակեցված Ջիզրե քաղաքում, որտեղ քուրդ զինյալների և թուրք ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով արդեն մեկ շաբաթ է պարետային ժամ է հայտարարված, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, «IMC» հեռուստաընկերության կողմից հրապարակված մի տեսանյութում, զայրացած թուրք ոստիկանը, չկարողնալով զսպել հայերի նկատմամբ իր ատելությունը, դիմում է ժողովրդին հետևյալ խոսքերով. «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ եք: Հայ եք»:
Ոստիկանի խոսքին հետևում է քուրդ կնոջ աղերսանքն ուղղված նախագահ Էրդողանին. «Պարոն նախագահ, Ձեզ եմ դիմում: Բավական է, բավական է, Աստծո սիրուն, բավական է»: Այս ամենը ուղեկցվում է կրակոցներով:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ջիզրեյում սեպտեմբերի 4-ից ի վեր պարետային ժամ է հայտարարված: Մինչ օրս շուրջ տասը զոհ և բազմաթիվ վիրավորներ կան: Շրջանում չկա ջուր, էլեկտրականություն, ֆիքսված հեռախոսակապ, բնակչությունը սննդի և դեղերի շատ լուրջ խնդիր ունի: