«Ամերիկայի Ձայն». Ջ. Ուորլիք. Եկել է խաղաղության ժամանակը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ին` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
- Դուք վերջերս սոցիալական ցանցերում հարց եք բարձրացրել, թե արդյոք Հայաստանում և Ադրբեջանում կգտնվեն նոր Աբրահամ Լինքոլններ, որոնք խաղաղություն կբերեն: Արդյո՞ք դա նշանակում է, թե ժողովուրդները պատրաստ չեն խաղաղությանը և այն պետք է հարկադրվի նրանց:
- Ուրախ եմ կրկին ձեզ հանդիպել Պետքարտուղարությունում: Շնորհակալություն ինձ Թվիթերով հետևելու համար և հույս ունեմ, որ դուք ինձ կհետևեք նաև Ինստագրամում, որտեղ ես սկսել եմ լուսանկարներ տեղադրել: Ես նախատեսում եմ այնտեղ տարածաշրջան կատարած այցերի լուսանկարները տեղադրել: Հավատում եմ, տարածաշրջանի ժողովուրդները պատրաստ են խաղաղությանը, սակայն արդյոք առկա՞ է քաղաքական կամք՝ բանակցությունների միջոցով կարգավորմանը հասնելու համար: Ես չեմ ցանկացել համեմատություններ անել Աբրահամ Լինքոլնի և տարածաշրջանում որևէ մեկի միջև, սակայն, առաջնորդների կողմից քաղաքական կամք կպահանջվի, որպեսզի որոշեն, որ ժամանակն է եկել խաղաղության և մենք՝ համանախագահներս, Միացյալ Նահանգները, ցանկանում ենք օգնել բանակցությունների միջոցով հասնելու կարգավորմանը և տևական խաղաղության հաստատմանը: Ժամանակը եկե՛լ է, և ես հավատում եմ, որ մարդիկ կողջունեն բարգավաճումը, որն այն տարածաշրջան կբերի խաղաղությունը: Տարածաշրջանն՝ ինքը կփոխվի, եթե մեզ հաջողվի խաղաղ կարգավորման հասնել:
- Ավելի վաղ առաջնորդները պարտավորվել էին շարունակել բանակցային գործընթացը: Արդյո՞ք այն շարունակվում է և արդյո՞ք երկու նախագահների հանդիպում տեղի կունենա:
- Երկու նախագահներն էլ մեզ ասել են, որ իրենք ցանկանում են արագացնել բանակցությունները, և մենք դա ողջունում ենք: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում մենք երկու արտգործնախարարներին կհանդիպենք, և կնախապատրաստենք այս տարվա վերջում նախագահների հանդիպումը: Այնպես որ, մենք պատրաստվում ենք արտգործնախարարների հետ մանրամասներ քննարկել և աշխատել նախագահների սպասվող հանդիպման օրակարգի շուրջ:
- Այս տարի շփման գծում գրանցված բռնությունների աստիճանը հատկապես էր սրվել: Դա ինչի՞ հետ է կապված:
- Մենք շատ մտահոգված ենք վերջին դեպքերի կապակցությամբ, որոնք իրոք սաստկացան տարվա սկզբին: Փաստորեն, հունվարը հրադադարի հաստատումից ի վեր ամենամահացու ամիսն էր: Բարեբախտաբար, դրան հաջորդեց որոշակի խաղաղ ժամանակաշրջան, սակայն այժմ մենք տեսնում ենք, որ լարվածությունը վերադառնում է: Երբ ես ստանձնեցի համանախագահի պաշտոնը, վտանգը բխում էր դիպուկահարների կողմից, որոնք, շփման գծի երկու կողմերում տեղակայված, միմյանց էին կրակում: Մարտավարությունը, սակայն, փոխվել է. այժմ հարձակումներ են տեղի ունենում, ականանետեր և այլ ծանր հրետանի է օգտագործվում, և ցավոք մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական անձանց կորուստների: Դա անընդունելի է, և մենք պնդում ենք, որ կողմերն անեն ամեն ինչ՝ այս կորուստներից խուսափելու համար:
Այս կապակցությամբ, կարևոր է խաղաղ կարգավորմանը հասնել, որպեսզի մենք վերջապես տարածաշրջանում խաղաղություն հաստատենք:
- Կա՞ն արդյոք հավելյալ միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել հրադադարի խախտումից խուսափելու համար:
- Մենք աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր միջոցները և ցանկանում ենք աշխատել կողմերի հետ այդ ուղղությամբ: Մենք երկար ժամանակ աջակցել ենք ԵԱՀԿ-ի շրջանակներում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, և հույս ունենք, որ Ադրբեջանն այդ հետաքննության մեխանիզմը ճանաչելու միջոց կգտնի։ Սակայն մենք, որպես համանախագահներ, և Միացյալ Նահանգները՝ մասնավորապես, պատրաստ ենք աշխատել կողմերի հետ մարդկանց միջև համագործակցության ծրագրերի ուղղությամբ և վստահության ամրապնդման ծրագրերի շուրջ:
- Հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասությունները՝ արդյո՞ք դեռևս կարո՞ղ է համագործակցություն տեղի ունենալ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Մինսկի խմբի շրջանակներում:
- Ինչպես տեղյակ եք, մեր և Մոսկվայի միջև բազմաթիվ լարվածություններ կան, սակայն, Լեռնային Ղարաբաղը դրանցից մեկը չէ: Մենք պատրաստակամ ենք Ռուսաստանի հետ համագործակցել՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հայթայթման ուղղությամբ: Ես սերտ համագործակցում եմ Ռուսաստանի իմ գործընկերոջ և Ֆրանսիայի իմ գործընկերոջ հետ։ Եվ մենք հանդիպում ենք երես առ երես: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ակտիվ ներգրավումը կարգավորման հայթայթման գործընթացում:
- Մինսկի խումբը գործում է 20 տարիների ընթացքում. Արդյո՞ք այս տարիներին կողմերը ավելի են մոտեցել խաղաղության հաստատմանը:
- Անցյալում կային հնարավորություններ, որոնք մենք բաց ենք թողել: Ես գիտեմ, որ մարդիկ դժգոհ են. 20 տարի շարունակ այս հակամարտությունը շարունակվել է և հիմա առաջընթաց գրանցելու ժամանակը եկել է: Կարևոր է, որ առաջնորդները մոտ են, նրանք միմյանց հետ խոսում են, և կարծում եմ, մեզ անհրաժեշտ է շարունակել նրանց հետ աշխատանքը, որպեսզի խորացնենք այս բանակցությունները և պատրաստենք նախագահների հանդիպումը, որը, հույս ունենք, տեղի կունենա տարվա վերջին։
- Նախագահների հանդիպմանը վերաբերող հավելյալ մանրամասներ կա՞ն:
- Մենք դեռևս մանրամասների չենք տիրապետում, ու նաև դրա համար ենք ցանկանում խոսել արտգործնախարարների հետ Նյու Յորքում, որպեսզի որոշենք նախագահների հանդիպման տեղն ու ժամկետները: Ինչպես գիտեք, նրանք հանդիպել էին մի քանի տարվա դադարից հետո Վիեննայում, որտեղ շատ արդյունավետ քննարկում տեղի ունեցավ. երկու առաջնորդների առանձնազրույցը մեկ և կես ժամից ավելի տևեց: Դրանից հետո նրանք հանդիպեցին Սոչիում, ինչպես նաև՝ Ուելսում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Իսկ նախորդ տարվա վերջին նրանք հանդիպեցին Փարիզում: Այժմ ժամանակն է շարունակել հանդիպումները: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում նրանք որոշակի առաջընթաց են գրանցել: Մենք ականատեսն ենք եղել որոշ առաջընթացի։ Ամեն ինչը չէ համաձայնեցված անշուշտ, սակայն դա ևս մեկ հիմնավորում է, որպեսզի նրանց հանդիպումը կազմակերպենք:
- Ինչպե՞ս է հնարավոր գրանցված առաջընթացը հաստատուն խաղաղության վերափոխել:
- Դա մեր առաջնահերթություն է: Մենք ցանկանում ենք հասնել կարգավորմանը, սակայն պետք է հարգենք զինադադարը: Առանց զինադադարը հարգելու, շատ բարդ է առաջընթաց արձանագրել բանակցություններում: Մենք հույս ունենք, որ կողմերը դա կճանաչեն և մենք հույս ունենք, որ կհարգեն զինադադարը ու զերծ կմնան հակամարտությունից, որը կարող է անմեղ քաղաքացիական անձանց վնասել:
- Պարոն դեսպան, շատ շնորհակալություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան