Մարտիրոսյանը՝ «Ոչ»-ի շարժման մասին. Անհասկանալի է, թե ինչին են դեմ (տեսանյութ)
Կառավարման խորհրդարանական համակարգը չափազանց դրական արդյունք է ունենալու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության և պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվող կառավարման խորհրդարանական համակարգի մասին:
Ըստ նրա, խորհրդարանական համակարգ ունեցող որևէ երկիր չկա, որը ժողովրդավարական չէ. «Մենք էլ ենք սկսում գործընթաց՝ արդյունքում դառնալու ենք էլ ավելի ժողովրդավարական երկիր»:
«Մեր հասարակությունը հասել է մի մակարդակի, որ պատրաստ է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, որը բարձրացնելու է կուսակցությունների, հասարակական, քաղաքացիական խմբերի դերը»,- նշեց նա՝ հավելելով, որ փոփոխությունների դեպքում երկիրը թևակոխելու է զարգացման նոր փուլ:
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողներին, մասնավորապես «Ոչ»-ի շարժմանը, Լ. Մարտիրոսյանն ասաց. «Ակնհայտ է, որ որևէ բան չի հաջողվի, օրակարգ չունեն: Անհասկանալի է, թե ինչին են դեմ, ինչ են ուզում տապալել, քանի որ հենց այդ ուժերը տարիներ շարունակ կոչ են արել անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի: Եթե արվում է՝ էլ ինչի են դեմ»:
Պատասխանելով հարցին, որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները հիմնականում նշում են, որ փոփոխությունների հիմնական նպատակն է իշխանության վերարտադրությունը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ բոլոր երկրներում էլ բոլոր քաղաքական ուժերը ցանկանում են իրենց իշխանությունը հնարավորինս երկար պահել. «Քրեական, կրիմինալ բան չկա, քաղաքական ցանկություն է»:
Այնուհետև հիշեցրեց ՀՀ նախագահի խոսքերը, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի պատրաստվում զբաղեցնել ոչ նախագահի, ոչ վարչապետի, ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոնը: