Մարալիկի ընտրությունները չենք քաղաքականացնում, դա մարալիկցու ընտրությունն էր. ԲՀԿ-ական
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը սեպտեմբերի 13-ին Մարալիկում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ շրջայց է կատարել ընտրատեղամասերում և «առանձնահատուկ» դեպքեր չի նկատել:
«Մենք շրջայց ենք կատարել և առանձնահատուկ բան, խախտումներ չենք նկատել: Մենք չենք քաղաքականացնում այս ընտրությունները: Սա տեղի` Մարալիկի ժողովրդի ընտրությունն է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց Մելքումյանը:
Նշենք, որ Մարալիկի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր երկու թեկնածու` գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Գևորգյանը և «Բարգավաճ Հայաստան»-ի անդամ Արտակ Ավդալյանը: Ընտրություններում հաղթել էր գործող քաղաքապետը` ստանալով 1965 ձայն: Իսկ ԲՀԿ-ական Ավդալյանը ստացել էր 1110 ձայն:
Մելքումյանի խոսքով, գործող քաղաքապետը ճիշտ է, երկար տարիներ է ղեկավարում է քաղաքը, բայց խնդիրներն այնտեղ շատ են` չասֆալտապատ ու փոշու մեջ կորած փողոցներ, «քայքայված մայթեր», գործազրկություն, «անգամ նորմալ խանութներ ու սրճարան չկային»:
Դիտարկմանը, թե ՏԻՄ ընտրությունները Հայաստանում քաղաքական պայքարի մաս են, քանի որ կուսակցություններն են առաջադրում թեկնածուներին, որոնք էլ հենարան են դառնում համապետական ընտրությունների համար, Մելքումյանն արձագանքեց. «Գաղափարական պայքար այդ ընտրություններում չկար, իսկ քաղաքականացնելը գաղփարական պայքարն է և Մարալիկում քաղաքապետի համար գաղափարական պայքար չէր գնում: Պայքարը եղել է տեղի խնդիրների լուծման շուրջ: Այնպես չէ, որ մարալիկցին տեսել է մեկը աջ է, մյուսը ցենտրիստական և ընտրություն կատարել»:
Մելքումյանն ասաց, որ ընտրություններում ընտրակաշառքի կամ ընտրախախտումների վերաբերյալ ոչինչ չի կարող ասել, քանի որ տեղեկացված չէ:
«Ընտրությունը կատարել է մարալիկցին. Եթե ինքն ուզում է այդպես շարունակել, ապա դա նրա ընրությունն է», -հավելեց Մելքումյանը:
Հարակից հրապարակում`
Մարալիկում ԲՀԿ-ական թեկնածուն պարտվել է