Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ձեր պետական գործունեությունը արժանացրել է Ձեզ հայրենակիցների վաստակած հարգանքին, ծանրակշիռ ներդրում է կատարել Ռուսական պետականության զարգացման և միջազգային ասպարեզում երկրի դիրքերի ամրապնդման գործում:
Հայաստանում Ձեզ խորը հարգանքով են վերաբերվում և բարձր են գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ուղղված Ձեր հետևողականությունը:
Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը և պատրաստ եմ շարունակել այդ կառուցողական երկխոսությունը՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը հետագայում նոր նախաձեռնություններով և փոխշահավետ ծրագրերով հարստացնելու նպատակով՝ ի շահ մեր երկրների և եղբայրական ժողովուրդների բարգավաճման:
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, նոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: