Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ՝ Տոկիոյում
Սեպտեմբերի 7-ից 11-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում և Ճապոնիայում ՀՀ դեսպանության ու ՀՀ մշակույթի նախարարության համագործակցությամբ և հովանավորությամբ համերգային շրջագայությամբ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում էր գտնվում Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ դաշնակահար Արմինե Գրիգորյան, ջութակահար Կարեն Շահգալդյան, թավջութակահար Կարեն Քոչարյան:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, սեպտեմբերի 8-ին տրիոն համերգով հանդես է եկել Տոկիոյի «Լյութեր Իչիգայա» կենտրոնում, սեպտեմբերի 11-ին՝ «Սանտորի հոլ» հեղինակավոր համերգասրահում: Երաժիշտները կատարել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները:
Համերգներին ներկա են եղել հարյուրավոր ճապոնացիներ, Տոկիոյում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: