Նախագծով, կառավարությունը հնարավոր կլինի փոխել, երբ կա մեծամասնության վստահությունը վայելող այլընտրանք
Կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև իր վարած քաղաքականության համար և իր ստեղծման ու գոյատևման համար անմիջապես կախված է խորհրդարանի վստահությունից: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Սահամանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը` ներկայացնելով Սահմանադրության նախագծի կառավարության գործունեությանը վերաբերող հատվածը:
«Կառավարության կայունությունը առավել չափով ապահովելու համար ներկայացված նախագիծը նախատեսում է քաղաքական պատճառներով կառավարության պաշտոնանկություն միայն այսպես կոչված կոնստրուկտիվ անվստահության քվեի միջոցով», -բացատրեց սահմանադրագետը:
Նրա ներկայացմամբ, Սահմանադրության փոփոխությունների նախագծով, գործող վարչապետին անվստահություն հայտնելը և նոր վարչապետի ընտրությունը տեղի է ունենում միաժամանակ Ազգային ժողովի մեկ որոշմամբ, ԱԺ մեկ քվեարկությամբ: Այդպիսով, Նախագծով ԱԺ պատգամավորների առնվազն 1/3-րդը կարող է ներկայացնել որոշման նախագիծ գործող վարչապետին անվստահություն հայտնելու և այլ վարչապետի ընտրելու վերաբերյալ ու այդ որոշումը ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և անվանական քվեարկությամբ:
«Նախագծով նախատեսված այս մեխանիզմի տրամաբանությունն այն է, որ միայն դեստրուկտիվ կամ ոչ կառուցողական մեծամասնությունը հնարավորություն չունենա անվստահություն հայտնելով գործող կառավարությանը, խորհրդարանում ստեղծի մի այնպիսի իրավիճակ, երբ չկա դրական մեծամասնություն այս կամ այն վարչապետի թեկնածուի օգտին: Եթե խորհրդարանում պատգամավորները միավորվում են վարչապետի դեմ, բայց չունեն սեփական թեկնածու, ապա նրանք չեն կարող տապալել գործող կառավարությունը: Կառավարության փոփոխություն հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ պատգամավորների բացարձակ մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի մեկ այլ թեկնածու գոյություն ունի ԱԺ-ում», -մեկնաբանեց ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը՝ կիսանախագահական համակարգի առանցքային խնդիրների մասին
Պառլամենտական համակարգում պատահական անձանց իշխանության գալու վտանգը մեղմվում է. Վ. Պողոսյան
Ընտրողն է որոշելու, թե որ քաղաքական ուժը ստանձնի կառավարման ղեկը. Սահմանադրագետ