Ադրբեջանը նախատեսում է դուրս գալ «Եվրանեսթից»
Ադրբեջանի Միլի մեջլիսում սեպտեմբերի 14-ին կայացած հատուկ նիստի ընթացքում բանաձև է ընդունվել սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի մասին ընդունած բանաձևի առնչությամբ: «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ` բանաձևում նշվում է, որ Եվրախորհրդարանն իր ընդունած բանաձևով Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում:
Միլի մեջլիսը բանաձևի մեջ որոշում է կայացրել, որ «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի համաձայն՝ անցնում է այդ կազմակերպությունում Ադրբեջանի խորհրդարանի անդամակցության դադարեցման վերաբերյալ ընթացակարգային կանոնների կատարմանը, իսկ ընթացակարգի ժամանակահատվածում մեջլիսի պատվիրակությունները չեն մասնակցի «Եվրանեսթի» միջոցառումներին։
Ի թիվս այլ որոշումների` բանաձևում նշված է. «Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու դեպքում հանձնարարել կառավարությանը արգելել Եվրախորհրդարանի պատգամավորներին մուտք գործել Ադրբեջան»:
Որոշում է կայացվել նաև վերջ դնել ներկայիս ձևաչափով Եվրամիություն-Ադրբեջան խորհրդարանական գործակցության հանձնաժողովի գործունեությանը մասնակցությանը և խորհուրդ է տրվել Ադրեջանի նախարարների կաբինետին վերանայել Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցության նպատակահարմարությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում անցկացված նստաշրջանում ընդունեց բանաձև, որտեղ խստորեն դատապարտում էր Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։