Սահմանադրության նախագծի քննարկումը Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի ուղիղ եթերով
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերով հեռարձակելու է Ազգային ժողովի նիստերը, որի ընթացքում շարունակվելու են Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ այսօր մեկնարկած քննարկումները: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք` այսօր նիստի մեկնարկին նախագծի քննարկումը Հանրային հեռուստաընկերությամբ ուղիղ եթերով հեռարձակելու պահանջ էր ներկայացրել ԱԺ ՀԱԿ խմբակցությունը:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն էլ քիչ առաջ հայտարարություն տարածեց, ըստ որի. «Հաշվի առնելով Սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում, կարևորելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների դերը և ընդունելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հորդորը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է կայացրել սեփական խնայողությունների հաշվին կազմակերպել և ս.թ. սեպտեմբերի 16-ից իրականացնել ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական քննարկումներին նվիրված նիստերի ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության եթերում»: