ԱԺ-ում ՀՀ Նախագահի ներկայացուցիչը ներկայացրել է 89-րդ հոդվածի նոր բովանդակությունը
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկումների ընթացքում Վենետիկի հանձնաժողովին ներկայացրել է մի քանի հոդվածների փոփոխության տեքստ, բայց դրանք բնականաբար, իրենց արտացոլումը դեռևս չեն գտել ՀՀ նախագահի կողմից ներկայացված Սահմանադրության փոփոխությունների նախագծում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը` պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվում էր, թե ի վերջո ինչպիսի՞ն է լինելու Սահմանդրության փոփոխությունների նախագծում ԱԺ-ում կայուն մեծամասնություն ձևավորելու և 2-րդ փուլ անցկացնելու մասին դրույթը:
«Երբ այս քննարկումները կավարտվեն, ես իմ եզրափակիչ ելույթում կներկայացնեմ բոլոր այն դրույթները, որոնք ՀՀ նախագահի կարծիքով ընդունելի են և այդ ընդունելի դրույթների մեջ նախօրոք կարող եմ ասել, լինելու են բոլոր այն փոփոխությունների առաջարկները, որոնք օգոստոսի 24-25-ից հետո մինչև սեպտեմբերի 1-ը ուղարկվել են Վենետիկի հանձնաժողովին», -հայտարարեց Պողոսյանը:
Ինչ վերաբերում է 89-րդ հոդվածին, ապա Պողոսյանի փոխանցմամբ, Վենետիկի հանձնաժողովը դրա վերաբերյալ այսպիսի բովանդակություն է ներկայացրել. «89-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը որևէ փոփոխության չեն ենթարկվել և մնացել են այնպես, ինչպես ՀՀ նախագահի կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագծում: Ուղղակի ավելացել է նոր 3-րդ մաս»:
89-րդ հոդվածի նոր բովանդակությունը այսպիսին է լինելու
1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:
2. Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
3 Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, եթե ընտրության արդյունքում կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության 2-րդ փուլ: Քաղաքական կոալիցիայի ձևավորման սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով:
«Նախագծի 89-րդ հոդված նախորդ տարբերակում, 2-րդ փուլի անցկացումը իմպերատիվ պահանջ էր», -բացատրեց մասնագետը: