Սահմանադրությունը կախարդական փայտիկ չէ. Վարդան Պողոսյանը՝ Տիգրան Ուրիխանյանին
Սահմանադրությունն այնպիսի փաստաթուղթ չէ, որը կկարողանա մեկ վայրկյանում կախարդական փայտիկի միջոցով լուծել երկրում առաջացած բոլոր խնդիրները: Այս մասին այսօր Ազգային ժողովում Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ի՞նչն է խանգարում Հայաստանի գործող Սահմանադրությամբ հանցագործներին չնշանակել պաշտոնների, վերջ տալ տնտեսական մենաշնորհներին, չգողանալ պետական գանձարանը, հանրային սեփականությունն ու այլն:
«Սահմանադրությունն այնպիսի փաստաթուղթ է, որը պետք է երաշխիքներ ստեղծի երկրի սոցիալական, տնտեսական վիճակը բարելավելու համար, բայց սահմանադրությունը չի կարող ինքնին միայն երաշխավորել դա: Եթե դուք հարցը բարձրացնում եք ի՞նչն է խանգարել գործող սահմանադրության պարագայում վերացնելու աղքատությունը, սոցիալական լարվածությունը, կարելի է հարցը շուռ տալ ու ասել՝ իսկ ինչո՞վ է նպաստել: Արդյոք սահմանադրությունը նրա համար չէ, որպեսզի կարգավորի հասարակական հարաբերությունները և սահմանի պարտադիր վարքագիծ և իշխանությունների, և երկրի քաղաքացիների համար»,- ասաց նա:
Վ.Պողոսյանի խոսքերով՝ սահմանադրությունը նրա համար է, որպեսզի կարգավորվեն հասարակական հարաբերությունները և սահմանադրական բարեփոխումները հենց միտված են նրան, որպեսզի երկրում ստեղծվի հավասարակշված համակարգ՝ հնարավորություն չտալով արատավոր երևույթներ արմատավորվեն, և եթե նման երևույթներ կան, ապա հնարավորություն տրվի արդարադատության ճանապարհով վերացնել դրանք:
«Երբ իշխանական համակարգը միակենտրոն է լինում և ապահովված չէ դատական իշխանության անկախությունը, այդ դեպքում դժվար է խոսել մոնոպոլիաների դեմ պայքարի, մարդու իրավունքների հուսալի պաշտպանվածության, սոցիալական, իրավական պետություն ունենալու մասին»,- հայտարարեց Վարդան Պողոսյանը՝ հավելելով, որ սահմանադրության իրականացման կարևորագույն խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ձևավորվի իշխանական այնպիսի համակարգ, որը վստահություն ներշնչի և ձևավորվելուց հետո իշխանությունները պատասխանատու լինեն ինչպես իրենց ընտրողների, այնպես էլ ԱԺ-ի առջև: «Սահմանադրական բարեփոխումները հետապնդում են հենց այդ նպատակը»,- ասաց Վ.Պողոսյանը: