Պուտինը հայտարարել է Ասադի՝ ընդդիմության առողջ ուժերին կառավարման համակարգում ընդգրկելու պատրաստակամության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ իր ելույթի մեծ մասը նվիրել է սիրիական հարցին: Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարի հարցում մի կողմ դնել աշխարհաքաղաքական նկրտումները, երկակի ստանդարտները ու ջանքերը միավորել այդ սպառնալիքի դեմ: Այս մասին հայտնում է «Տասս» գործակալությունը:
«Հարկավոր է մի կողմ դնել աշխարհաքաղաքական նկրտումները, հրաժարվել այսպես կոչված երկակի ստանդարտներից, սեփական կոնյուկտուրային նպատակներին հասնելու, այդ թվում իրենց ոչ հարմար կառավարություններ ու վարչակարգեր տապալելու համար այս կամ այն ահաբեկչական խմբավորումներին ուղիղ կամ անուղղակի օգտագործելու քաղաքականությունից»,-ասել է ՌԴ նախագահը՝ Սիրիայում, Իրաքում ու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն ընդհանուր առմամբ անվանելով չափազանց լուրջ:
Նա հիշեցրել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» վերահսկում է զգալի տարածքներ և մտադիր է գրավել Մեքքան, Մեդինան, Երուսաղեմը, իր ակտիվությունը տարածել Եվրոպայում, Ռուսաստանում, Կենտրոնական և Հարավ-արևելյան Ասիայում:
Խոսելով Սիրիայում տիրող քաղաքական վիճակի մասին՝ Պուտինը նշել է, որ Բաշար Ասադը պատրաստ է համագործակցել ընդդիմության առողջ ուժերի հետ, իսկ արաբական այդ երկրի համար առաջնահերթն ահաբեկչության դեմ պայքարն է:
«Իհարկե, հարկավոր է մտածել այդ երկրում քաղաքական վերաձևավորումների մասին, և մենք գիտենք Ասադի՝ այդ գործընթացներին միանալու, չափավոր ընդդիմության առողջ ուժերին կառավարման համակարգում ընդգրկելու պատրաստակամության մասին»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ միաժամանակ ընդգծելով, որ ճգնաժամը հնարավոր չի լինի լուծել առանց կառավարական ուժերի մասնակցության:
«Մոսկվան իր այդ դիրքորոշման մասին բազմիցս է նշել: Առանց ընդլայնված կոալիցիայի, որի մեջ պետք է մտնեն պաշտոնական Դամասկոսը, քրդական աշխարհազորայինները և չափավոր ընդդիմությունը, հնարավոր չէ լուծել նաև փախստականների խնդիրը»,-ավելացրել է Պուտինը՝ նշելով, որ Սիրիայում մարդիկ փախչում են մարտական գործողությունների պատճառով: