«Արամ Խաչատրյան» համերգասրահը վերաբացվում է
Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կայանալիք այսօրվա համերգով վերաբացվելու է «Արամ Խաչատրյան» համերգասրահը:
Հիշեցնենք, որ 1300 հանդիսատեսի համար նախատեսված «Արամ Խաչատրյան» համերգասրահում այս տարվա հունվարից ընթանում են վերանորոգման աշխատանքներ:
Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոչյանն ասել էր. «Վերանորոգումից հետո բեմը շատ գեղեցիկ է լինելու, ունենալու ենք պրոֆեսիոնալ լույս, նաև նվագախմբի համար նախատեսված հատուկ աթոռներ: Միակ բանը, որ կցանկանայի արվեր ու չի արվել, ակուստիկ որոշ փոփոխություններ են: Հիմա ամբողջ դահլիճը մանրահատակ է լինելու, գորգեր չեն լինելու, հնարավոր եմ համարում, որ ավտոմատ ձևով հնչողությունը մի քիչ լավանա»:
Նշենք, որ այսօրվա համերգին փառատոնի ծրագրի համաձայն ելույթ էր ունենալու դաշնակահար Լեյֆ Ուվե Անդսնեսը (Նորվեգիա):
Ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Լուսինե Մնացականյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այսօրվա համերգի ծրագրում մենակատարի փոփոխություն է եղել. «Լեյֆ Ուվե Անդսնեսն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել գալ Հայաստան: Համերգին ելույթ է ունենալու Ավստրիայից դաշնակահարուհի Նարե Արղամանյանը: Այսինքն առաջին բաժնի ծրագիրն է փոխվել, երկրորդ բաժինը նույնն է»:
Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Պատասխանելով հարցին, արդյո՞ք ծրագրված է Լեյֆ Ուվե Անդսնեսի համերգը մեկ այլ օր, Լուսինե Մնացականյանն ասաց. «Կան նպատակներ, երևի փառատոնից հետո, քանի որ փառատոնի ողջ ծրագիրը, մենակատարները, օրերն արդեն հաստատված են»:
Հիշեցնենք, որ Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին:
Նախորդող հրապարակում՝
Երևանյան 9-րդ երաժշտական փառատոն. «Համերգներին ելույթ են ունենալու յուրահատուկ երաժիշտներ»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա