Էլէներգիայի թանկացման հետևանքով գնաճը անխուսափելի կլինի. Գործարար պատգամավոր
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման արդյունքում Հայաստանում գնաճն անխուսափելի է: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր «ՄԱՊ» պահածոների գործարանի հիմնադիր
Ալեքսան Պետրոսյանը, ով առավել հայտնի է «ՄԱՊ-ի Ալիկ» մականունով:
Պատգամավորը տեղեկացրեց, որ իրենց գործարանի արտադրանքը այս պահին չի թանկացել, բայց սպասվում է, որ առաջիկայում կթանկանա: Իսկ թե ինչքան կթանկանա, գործարար պատգամավորն ասաց, որ առայժմ հաշվարկներ չեն կատարել:
«Եթե մի բան թանկանում է, խնդիրն այն է, որ թանկ ես սկսում վճարել: Ինչքան հոսանքը թանկանում է, այդքանով էլ ապրանքը կթանկանա: Դա չի կարող չբերել գնաճի: Մենք չենք գնում թանկացման, ապրանքի ինքնարժեքն է թանկանում, դա տնտեսագիտություն է»,- ասաց նա` նկատելով, որ գործարարների համար թանկացումը հաճելի չէ:
Այդուհանդերձ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ գոհ է կառավարությունից, քանի որ էլեկտրաէներգիայի սակագինը կարող էր ավելի թանկ լինել: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերում կառավարության այն որոշմանը, որ բիզնեսի համար էլէներգիայի թանկացման դիմաց սուբսիդավորում չի կատարվում, Պետրոսյանը պատասխանեց. «Դե հնարավորությունն այդքան էր, կառավարությունը հնարավորություն չուներ: Ձեր հարցի տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունը կարող էր չթանկացնել, բայց թանկացրեց, կարող էր էս անել, բայց չարեց: Իր հնարավորության սահմաններում կառավարությունն աշխատում է: Ամբողջ կյանքն է թանկանում, ամբողջ աշխարհն է թանկանում: Ալյասկան վաճառել են 7 մլն-ով, էսօր 7 մլն-ը մի հատ ավտո արժե, դուք պատկերացրեք ինչքան է թանկացել աշխարհը, մենք պետք է պատրաստ լինենք»:
Գործարարի խոսքով, թանկացումից չպետք է վախենալ, պետք է այնպես անել, որ մարդկանց կենսամակարդակը բարձրանա, որպեսզի թանկացումը չհարվածի մարդկանց:
«Ժողովուրդը թանկ չի վճարելու, ինչի՞ ա հուսահատված: Հիմա հնարավորությունն էդքան է, հոսանքը մերը չի, մենք հոսանքի ոչ մի հումք չունենք, հնարավորության մաքսիմալ սահմաններով կարողացել են սուբսիդավորեն: Արեք գոնե գոհ ըլնենք, որ բնակչության համար գոնե թողել են նույնը»,- հավելեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են