Կքննարկվի ռազմական դրության ժամանակ ԶՈւ հրամանատարությունը վարչապետին վերապահելու հնարավորությունը
Սահմանադրության նախագծի համաձայն Զինված ուժերի գերագույն հրամանատարը պատերազմի ժամանակ վարչապետն է, իսկ խաղաղ պայմաններում` Պաշտպանության նախարարը: Նախագծի այս դրույթը մատնանշելիս այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեց.
«Իրավական ռեժիմի տեսանկյունից դա ենթադրո՞ւմ է արդյոք, որ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարված լինելու դեպքում է վարչապետը դառնում գերագույն հրամանատար Ինչու եմ նման հարց տալիս, որովհետև բոլորս գիտենք, որ արցախյան պատերազմը, որ 4-5 տարի ռազմական գործողություններ էին ընթանում, մեր երկիրը պաշտոնապես չէր հայտարարել և մեր երկրին պաշտոնապես պատերազմ չէր հայտարարվել: Դա գուցե նշանակում է ռազմական դրության ռեժիմ, խնդրում եմ բացատրել` ինչպե՞ս է կարգավորվում սա իրավական տեսանկյունից»:
Ի պատասխան Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը հստակեցրեց, որ նախագծում «պատերազմի ժամանակ» նշելով, իրենք նկատի են ունեցել դե յուրե պատերազմական իրավիճակը:
«Բայց ես չեմ բացառում, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մեկ անգամ ևս անդրադառնա այս հարցին և քննարկի նաև այն բանի հնարավորությունը, որ ռազմական դրություն հայտարարելու ժամանակ, որը անհրաժեշտաբար պատերազմի հայտարարում չի ենթադրում, նույնպես սահմանադրական իրավական առումով զինված ուժերի գերագույն հրամանատարությունը անցնի վարչապետին»,- արձագանքելով Ֆարմանյանի հարցին, հավելեց Պողոսյանը: