Սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները սպառողների համար խնդիրներ են առաջացնում
Էլեկտրաէներգիայի պարտքի վերաբերյալ ծանուցումներն ուշացումով ստանալուց հետո քաղաքացիները մի նոր խնդրի առաջ են կանգնել: Նրանք չեն հասկանում, թե իրենց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց ինչքա՞ն գումար են իրենք վճարում, ինչքա՞ն կառավարությունը՝ սուբսիդիայի տեսքով:
Կոմունալ վճարումները Arca համակարգով իրականացնողները նշում են, որ ընդամենը մեկ թիվ է նշված՝ թե ինչքան է կազմում պարտքը:
ՀԷՑ ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Arca-ով վճարումների վերաբերյալ հստակ տեղեկություններ չունի: Նա խորհուրդ է տալիս ընկերության պաշտոնական էջում մուտքագրել բաժանորդի քարտի համարն ու հստակ տեղեկատվություն ստանալ սպառած էլեկտրաէներգիայի ծավալի, քաղաքացու ու կառավարության կողմից վճարվող գումարի մասին:
Ինչ վերաբերում է սպառած էլեկտրաէներգիայի դիմաց բանկերում վճարման շուրջ առաջացած քաոսային իրավիճակին, ապա Ն. Սարջանյանի խոսքով, ՀԷՑ ընկերությունը անցած ուրբաթ նոր ծրագրով կազմված ցուցակներն է տրամադրել բանկերին: Ժամանակ է պետք, որպեսզի բանկերն իրենց ծրագրերն ադապտացնեն դրանց:
«Ես օրինակ, երեկ Թելսել-ով վճարում կատարել եմ, առանձին տող կար՝ կառավարություն, բանկերն էլ ունեն այդ տողը: Բանկերը դեռ պետք է ծրագրերն ադապտացնեն»,-ասաց ՀԷՑ մամուլի խոսնակը:
Նա վստահեցրեց, որ տեխնիկական պատճառներով պայմանավորված վճարումների ուշացման հետևանքով սպառողները չեն հոսանքազրկվի:
Շատ բաժանորդներ դժգոհում են, որ ըստ ՀԷՑ-ի, օգոստոսին իրենք ավելի շատ էլեկտրաէներգիա են սպառել, քան նախորդ ամիսներին: Սարջանյանից հետաքրարվեցինք, թե օգոստոսին նախորդ ամսվա ու նախորդ տարվա օգոստոսի համեմատ էլեկտրաէներգիայի սպառման ծավալները ի՞նչ փոփոխության են ենթարկվել: Ընկերության ներկայացուցիչն ասաց, որ նման տվյալներ դեռ չունի:
Հիշեցնենք, որ օգոստոսի մեկից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը: Ըստ այդ որոշման, օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնել է 6.93 դրամով: Այսինքն, Հայաստանում մեկ կՎտ ժամ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը բնակչության համար կազմում է 48.78 դրամ, գիշերայինը՝ 38.78 դրամ: Որոշման դեմ բողոքի մեծ ցույցերից հետո կառավարությունը հայտարարեց, որ թանկացման բեռը կվերցնի իր վրա՝ մինչև այդ ընկերությունում իրականցվելիք աուդիտի ավարտը:
Այնուհետև պարզվեց, որ կառավարությունը չի ֆինանսավորի խոշոր բիզնեսի էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան