
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտել է իր քառօրյա այցը Լիբանան՝ Մեծն Տան Կիլիկիո նստավայրում առանձին ընդունելություն ունենալով Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Արամ Ա կաթողիկոսի հետ: Այդ մասին տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը և վեհափառը քննարկել են Հայրենիքի ու հայ ազգի առջև ծառացած արդի մարտահրավերներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանել էր Լիբանան՝ մասնակցելու Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակի և թուրքական ջարդերից մազապուրծ փրկված մուսալեռցիների ու նրանց շառավիղների կողմից հիմնված Այնջար քաղաքի 75-ամյակի տոնակատարություններին: