Ազգային անվտանգության ռազմավարությունը այս պահին փոփոխման ենթակա չէ. Դավիթ Հարությունյանը` Զարուհի Փոստանջյանին
«Եթե մենք լուրջ պետություն ենք, ապա Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է փոփոխված ու թարմացված լիներ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ու կառավարությունից հետաքրքրվեց, թե ի՞նչ է ձեռնարկում կառավարությունն այդ ուղղությամբ:
«Ազգային անվտանգության ռազմավարությունը ընդունվել 2007թ.-ին, բայց 9 տարվա մեջ այն չի թարմացվել, ուստի հին է: Անցել է 9-ը տարի, աշխարհը փոխվել է, ինչպես ասաց նախարարներից մեկը, շատ բան է փոխվել, սկսած նավթի և գազի գնի անկումից, տարածաշրջանային նոր քարտեզի ձևավորումից և այլն, բայց այս փաստաթուղթը չի փոխվել: Ազգային անվտանգությունն ունի խորհուրդ, որը չունի քարտուղար, կան թափուր տեղեր: Մեր կառավարությունն այս ուղղությամբ, որպես արտաքին անվտանգության քաղաքականություն, ի՞նչ է ձեռնարկում: Այն ժամանակ, երբ ընդունվել է փաստաթուղթը, չկար ԵՏՄ, կային ԵՄ հետ համագործակցության ծրագրեր, միջին Արևելքում չկային հեղափոխություններ, չկար քրդական պետության ստեղծման հայտ, չկար անվտանգության վերաբերյալ նոր փաստաթուղթ: Ե՞րբ ենք ունենալու նոր փաստաթուղթ»,- ձևակերպեց Զարուհի Փոստանջյանը` նկատելով, որ թափուր է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Ի պատասխան Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ «լուրջ հարցեր» է բարձրացնում տիկին Փոստանջյանը, բայց նաև հավելեց, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխման ենթակա չկա:
«Փաստաթուղթ փոխելու կարիքը այս պահին դեռևս չենք տեսնում: Դա բնական է: Նմանատիպ փաստաթղթերը մշակվում են երկարատև աշխատանքի արդյունքում` հստակ տեսլականի պարագայում, ձևակերպումները լինում են ծայրահեղ զգույշ, ուշադիր, ոչ միշտ արտացոլելով ամբողջ գամման, որ երկիրը կիրառում է: Մենք տեսնում ենք զարգացման ուղիները, բայց դեռևս նպատակահարմար չենք համարում ուղիները փոխել: Ուսումնասիրել ենք հարցը, այս պահին նպատակահարմար չենք գտնում փոխել»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի թափուր մնալուն, Հարությունյանն ասաց, որ դա ՀՀ նախագահի ոլորտն է և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչու է թափուր այդ պաշտոնը: Բայց նաև հիշեցրեց, որ դա խորհրդատվական մարմին է և ՀՀ նախագահին խորհրդատվություն է մատուցում:
Փոստանջյանն իր արձագանքի ժամանակ հակադարձեց, որ ինը տարվա փաստաթուղթը չի կարող պաշտոնյաների համար ուղենիշ լինել, քանի որ «շատ հին է»: «Օրինակ, ինձ համար, որպես պատգամավորի, այդ փաստաթուղթը շատ հին է և հնարավոր չէ առաջնորդվել դրանով», -հայտարարեց Փոստանջյանը:
Սակայն կառավարության պաշտոնյան ընդդիմադիր պատգամավորին հակադարձեց այսպես. «Ձեզ վրա անցած ինը տարիներին այդ փաստաթուղթը ակնհայտորեն չի տարածվել, և դա միշտ տարածվել է», -հավելեց Հարությունյանը` կրկնելով, որ փաստաթուղթը փոխելու կարիք չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում