Հայաստանում տարեկան 3000-4000 մարդ չի ստանում հաշմանդամության կարգ. Արմեն Սողոյան (տեսանյութ)
Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում գրանցված է 200 401 հաշմանդամություն ունեցող անձ, որը ամբողջ հանրապետության բնակչության 6.6%-ն է կազմում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
Նրա խոսքերով՝ հաշմանդամություն ունեցողների 48%-ը կին է, իսկ 4%-ը՝ երեխաներ (8047):
Ա.Սողոյանը նշեց, որ եթե համեմատեն Ռուսաստանի հետ, որտեղ կենսամակարդակը ավելի բարձր է, քան Հայաստանում, ապա բնակչության մեջ հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են 10.26%, ինչը նշանակում է, որ գրեթե հիսուն տոկոսով ավելի է Հայաստանի համեմատ։ Իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմում է ՌԴ բնակչության 1.97% և այս ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի է, քան Հայաստանում:
«Մեր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը բնակչության 1.1%-ն է կազմում»,-ասաց նա։
Ա. Սողոյանի խոսքերով՝ Հայաստանում գրանցված ավելի քան 200 հազար հաշմանդամություն ունեցող անձանցից 136 713-ը անժամկետ հաշմանդամություն ունեցող անձիք են։ Ըստ նրա՝ տարեկան մոտ 70 հազ. հաշմանդամություն ունեցող անձ ամեն տարի փորձաքննություն է անցնում և որոշվում է՝ արդյոք անձը կրկին պետք է գրանցվի իբրև հաշմանդամ, թե ոչ։ Փորձաքննության արդյունքում տարեկան 3000-4000 մարդ չի ստանում հաշմանդամության կարգ։
«Նրանցից շատերը հանձնաժողովի որոշման հետ չեն համաձայնվում և բողոքարկում են, որից հետո բավարարվում է մոտ 3-4%-ի բողոքը», - ընդգծեց նա:
Ա.Սողոյանը նշեց նաև, որ մարդուն հաշմանդամության հասցնող հիմնական հիվանդություններ են՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնք գրանցված հաշմանդամություն ունեցող անձանց 31%-ի մոտ է, հաջորդը՝ հոգեկան խանգարումներն են, նորագոյացությունները, նյարդային համակարգի հիվանդություններն ու աչքի հիվանդությունները: Նա միաժամանակ նշեց, որ վերջին տարիներին հանրապետությունում մեծ աշխատանք է տարվում հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական օգնությունն ուժեղացնելու հարցում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում