Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ «Նաիրիտ» գործարանի սնանկացումը. Երվանդ Զախարյան
ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն, որը վերաբերում է «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը: Այս մասին Ազգային այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե ինչո՞ւ է կառավարությունը «Նաիրիտ» գործարանի շահութաբերության վերաբերյալ 3 ուսումնասիրություններ պատվիրել, որոնցից մեկը Համաշխարհային բանկին, և ինչպես կարող է պատահել, որ վերջին ուսումնասիրությունը հերքի առաջին երկուսի վերլուծությունները:
Ե.Զախարյանի խոսքերով՝ «Նաիրիտ» գործարանի հարցը երկար տարիներ քննարկվում է, երկու ընկերությունների կողմից գործարանի ուսումնասիրության վերաբերյալ եղել է պատվեր, երրորդ անգամ էլ ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին, որպեսզի կատարվեն ուսումնասիրություններ:
«Մենք ունենք բոլոր երեք ուսումնասիրությունների վերլուծությունները և դրանց արդյունքները հիմք են տալիս ՀՀ կառավարությանը որոշակի եզրահանգումներ գալու: «Նաիրիտ»-ի հետագա շահագործման հետ կապված կար եզրակացություն, որ հետագա վերագործարկումը իսկապես աննպատակահարմար է, սակայն դա ՀՀ կառավարությունը վերջնական հիմք չի ընդունել և որևէ որոշում «Նաիրիտի» վերաբերյալ կայացված չէ»,- հայտարարեց Երվանդ Զախարյանը:
Նա միաժամանակ նշեց, որ քննարկումները շարունակվում են և վարչապետի կողմից մի քանի անգամ շեշտվել է այդ հարցը, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման հետ կապված: «Ցավոք սրտի, վերջին երկու տարիների ընթացքում որևէ կոնկրետ առաջարկություն որևէ ներդրողի կողմից գործարանի վերագործարկման հետ կապված չի եղել: Առաջարկությունները եղել են ցանկությունների տեսքով, որոնք կոնկրետ առաջարկությունների չեն վերածվել»,- ընդգծեց նախարարը:
Ե.Զախարյանի խոսքերով՝ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար անհրաժեշտ է ոչ թե 50-60, ինչպես հայտարարել է ՀԱԿ-ը, այլ 250-300 դոլարի ներդրումներ: «Կառավարությանը բոլորովին ձեռնտու է չէ գործարանի սնանկացումը: Գործարանի վրա ծախսվող գումարները բավականին մեծ են և կառավարությանը հարմար է գործարանի վերագործարկումը»,- ասաց Ե.Զախարյանը:
Լ. Զուրաբյանը նաև անդրադարձավ նաիրիտցիների աշխատավարձերին: Ըստ նրա՝ շատ տգեղ բան է արել կառավարությունը, որ գործարանի աշխատակիցներին պարտադրել է աշխատավարձերը ստանալու դիմաց հրաժարվել տուգանքներից: Սական Ե.Զախարյանն ասաց, որ «ստիպողական քայլեր» չեն արել,ամեն ինչ եղել է իրենց կամքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան