ՀԷՑ-ի վաճառքից հետո էլեկտրաէներգիայի սակագինը չի վերանայվի. Երվանդ Զախարյան
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու մտադրությանը, նշեց, որ բաժնետոմսերի վաճառքի հետ կապված առաջարկությունը եղել է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի» ընկերության կողմից, կառավարությունն էլ այսօր այդ առաջարկին հավանություն է տվել, և եղել է նախնական համաձայնություն՝ ուսումնասիրել ներկայացված բոլոր փաստաթղթերը, առուվաճառքի պայմանագիրը:
Հարցին, թե արդյոք ՀԷՑ-ը գնելու հայտ ներկայացրած ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, Ե. Զախարյանն ասաց, որ բոլոր փաստաթղթերը կուսումնասիրվեն:
Նախարարը նաև չպատասխանեց հարցին, թե ով է ընկերության սեփականատերը. «Չեմ կարող պատասխանել, մանրամասներ առայժմ չեմ կարող հայտնել, մեկ-երկու օրից, երբ ուսումնասիրությունները կավարտենք, մանրամասն բոլոր հարցերին կպատասխանենք»:
Երվանդ Զախարյանը վաճառքի գնի հետ կապված տեղեկություն ևս չհաղորդեց՝ ասելով, որ ուսումնասիրություններից հետո կանդրադառնան:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի կուտակած պարտքերին, ապա ըստ Ե. Զախարյանի, այդ պարտավորությունները կփոխանցվեն նոր ընկերությանը:
Նշվեց նաև, որ նախարարությունների կողմից ՀԷՑ-ի բաժնետոմսերի օտարման հայտը ուսումնասիրելու գործընթացը տևելու է մեկ շաբաթ, որից հետո կներկայացվեն ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ մանրամասներ ու վերջնական որոշում կկայացվի:
«Այսօր ընդամենը հավանություն է տրվել բաժնետոմսերն օտարելու առաջարկին»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ վաճառքից հետո էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվի, Ե. Զախարյանը բացասական պատասխան տվեց:
«Սակագինն արդեն հաստատված է հանձնաժողովի կողմից: Սակագինը չի վերանայվի, սակագինը ո՞նց կարող է վերանայվել, եթե նոր սակագները արդեն գործում են»,- նշեց նախարարը:
Նախորդող հրապարակում՝
Էկոնոմիկայի նախարարը տեղյակ չէ, թե ինչ ընկերություն է ցանկանում գնել ՀԷՑ-ի բաժնետոմսերը
ՀԷՑ-ը վաճառելու մասին որոշումն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան