Համանախագահները գնահատել են Միլի Մեջլիսի՝ Եվրանեսթի ԽՎ-ից դուրս գալու հայտը
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Հայդի Հաուտալան (Կանաչների կուսակցություն, Ֆինլանդիա) և Վիկտոր Դոլիձեն (Վրաստան) սեպտեմբերի 16-ին արված հայտարարության մեջ խորն ափսոսանք են հայտնել Ադրբեջանի Միլի Մեջլիսի՝ Արևելյան հարևանության քաղաքականության խորհրդարանների պատգամավորներին և անդամներին (Եվրանեսթ) միավորող խորհրդարանական համագործակցության գործընթացից դուրս գալու ընթացակարգ սկսելու վերաբերյալ։ Երկու համանախագահները, այնուամենայնիվ, նշել են, որ Միլի Մեջլիսի հետ «իրադրությունը քննարկելու հնարավորությունը դեռևս բաց է»։
Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովից Ադրբեջանի դուրս գալու վերաբերյալ համանախագահների արված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ նման զարգացումը ցավալի է, և դա նաև կխոչընդոտի տարածաշրջանային ակնհայտ կարևորություն ունեցող միասնական խորհրդարանական ընթացակարգերում Միլի Մեջլիսի անդամների ձայնը լսելի դարձնելու գործընթացը։
«Եվրանեսթի Խորհրդարանական Վեհաժողովը շարունակում է մնալ Արևելյան գործընկերության խորհրդարանական հարթակը։ Որպես այդպիսին, այն շարունակելու է գործել, համապատասխան ինտեգրման և հրապարակայնության ոգուն, որպեսզի նպաստի Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության միջև քաղաքական և տնտեսական ինտեգրման արագացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։ Անդամակցությունը Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին, նախևառաջ, շարունակում է լինել կամավոր և չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր մտահոգ արևելյան դաշնակցի ինքնուրույն ընտրությունը այս առումով մենք հաշվի ենք առնում և հարգում ենք Ադրբեջանի Միլի Մեջլիսի՝ դուրս գալու վերաբերյալ որոշումը»,- նշված է հայտարարության մեջ։
Ինչպես հայտնել էինք` սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի խորհրդարանի ընդունած բանաձևով Միլի Մեջլիսի պատվիրակությունը դուրս եկավ Եվրանեսթից:
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերյան իր միկրոբլոկում գրառում է կատարել Եվրանեսթից դուրս գալու առնչությամբ: Ըստ Ադրբեջանի նախագահի գնահատականների` Եվրանեսթը վերածվել է ամորֆ ուժի, և այն չի գործում։
«Այդ իսկ պատճառով Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է այնտեղ իր գործունեությունը»,-գրել է Ալիևը։