Freedom House. «Ադրբեջանում ազատ, արդար ընտրություններն անհավանական են ԵԱՀԿ հեռանալուց հետո»
Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը` ԵԱՀԿ-ի կողմից Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելուց հրաժարվելու մասին հայտարարությամբ է հանդես եկել:
«Նախագահ Իլհամ Ալիևի կառավարության կողմից նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում եվրոպական դիտորդական առաքելության առջև դրված պայմաններն ադրբեջանցիների ձայները գողանալու վտանգի մասին են խոսում»,- նշել է կազմակերպության փոխնախագահ Դանիել Կալինգերտը։
Վերջինս նաև հավելել է, որ ԱՄՆ կոնգրեսականները հանուն Ադրբեջանի ժողովրդի պաշտպանության պետք է կոչ անեն Ալիևի կառավարությանը բացատրություններ տալ իր գործողությունների համար և հնարավորություն ստեղծել բազմակողմանի, հուսալի դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Նկատենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավարը հայտարարել էր, որ ընտրություններին սահմանափակ թվով դիտորդներ թողնելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների դրած պայմանը հակասում է այդ երկրի՝ ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին, այդ իսկ պատճառով էլ կառույցը հարկադրված է չեղարկել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու որոշումը:
Հավելենք, որ Ադրբեջանում ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելուց զերծ մնալու կոչ էր արվել նաև սեպտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում, որով խստորեն դատապարտվել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան