Մեկնարկում է Yerevan Jazz Fest-ը
Այսօր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տրվելու է Yerevan Jazz Fest-2015 միջազգային փառատոնի մեկնարկը, որի շրջանակում կայանալու է երեք համերգ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ավստրիայից և Լիբանանից երաժիշտների մասնակցությամբ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դաշնակահար, երաժիշտ, ջազմեն Լևոն Մալխասյանն ասաց, որ ուրախ է երկարատև դադարից հետո Երևանում կրկին միջազգային ջազ փառատոն անցկացնելու առիթով: Նրա կարծիքով, փառատոնը երևանցին կհետաքրքրի:
Ջազ ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը նշեց, որ իրենց նպատակն է տարեցտարի ընդլայնել մասնակից երկրների թիվը. «Բայց արդեն իսկ մեզ համար շատ կարևոր է միջազգային ճանաչում ունեցող մարդկանց մասնակցությունն առաջին փառատոնին»:
Այսօր ջազ փառատոնը կբացեն Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Երվանդ Երզնկյան), Արցախի ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Տիգրան Լալայան), Նինո Կատամաձեն իր «Insight» խմբով (Վրաստան), Լորեն Ռոբինը (Ֆրանսիա), Աբրահամ Գումրոյանը (ԱՄՆ), Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան), Արթուր Սաթյանը (Լիբանան), Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանն ու Կարեն Մամիկոնյանը:
Սեպտեմբերի 18-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած Ռիչարդ Բոնա բենդի համերգը: Բենդի կազմում հանդես կգան Ռիչարդ Բոնան, Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը:
Սեպտեմբերի 19-ին երեկոն կբացի Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արմեն Հյուսնունց), ինչպես նաև կատարումներով հանդես կգան Մարիամ և Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա):
Նախորդող հրապարակում՝
Yerevan Jazz Fest՝ հայկական ջազի բարի ավանդույթները վերականգնելու առաջին քայլը. ասոցիացիայի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում