«Կոմերսանտ». Հայկական ծրագիրը՝ Ստամբուլի 14-րդ բիենալեի ամենասուր շեշտադրումը
Ռուսաստանյան հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը հրապարակել է Աննա Տոլստովայի «Աղի նոտան. Ստամբուլի 14-րդ բիենալեի հնչյուններն ու պատկերները» խորագրով հոդվածը՝ Ստամբուլի 14-րդ բիենալեի և նրա հայկական ծրագրի մասին՝ հայկական ենթատեքստը համարելով Ստամբուլի 14-րդ բիենալեի ամենասուր շեշտադրումը:
Բինալեում հայկական ծրագիրը ներկայացվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Dilijan Art Initiative նախագծի աջակցությամբ: Հիմնադրամը թարգմանել ու տարածել է ռուսական լրատվամիջոցում հրապարակված հոդվածը:
«Ստամբուլի 14-րդ բիենալեն՝ վերջին Documenta-ի հեղինակ, հռչակավոր Կարոլին Քրիստո-Բակարջիևի ղեկավարությամբ, ընդգրկել է ողջ Ստամբուլը՝ եվրոպական ու ասիական, Սև ծովից՝ Մարմարա: Ցուցահանդեսի լեյտմոտիվներից մեկը հայկական թեման է՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ (հայկական նախագծերին աջակցել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի Dilijan Art initiative նախագիծը): Եվ հայկական ենթատեքստը Ստամբուլի 14-րդ բիենալեն դարձնում է ամենաարմատական ժեստը քաղաքականապես սուր այս բիենալեի ողջ պատմության ընթացքում: Ստամբուլից՝ Աննա Տոլստովա:
Որպես բիենալեի խորագիր՝ « Saltwater. մտապատկերների տեսություն», ծառայում էր Ֆրանսիս Ալյուսի՝ ինչ-որ տեղ, ստամբուլյան կղզիներից մեկում արված լուսանկարը՝ կիսաբաց տնակի դռնից, որին դիպչում են ծովի ալիքները, ծովին նայող տեսարան՝ ֆրիդրիխյան մելամաղձոտությամբ լի: «Saltwater» նշանակում է ծովային, աղի: Saltwater-ը Բոսֆորի աղի ջրերն են, աղի արցունքներն են, Բոսֆորի ափերով փռված Ստամբուլն է:
Պաշտոնական Ստամբուլում չեն սիրում հիշել 1915-ին հայերի և 1955-ին հույների թափած արցունքները, սակայն շատ նկարիչ-պարտիզանների միտքն անդրադառնում է Բոսֆորի ջրերին խառնված այդ արցունքներին, և դա երբեմն ընդունում է շատ կոնկրետ ձև. չէ՞ որ Թուրքիայի սահմաններին այսօր էլ արյան ու արցունքի ծովեր են թափվում»,-նշվում է հոդվածում: