Սահմանադրական բարեփոխումների փաթեթը հեչ կապ չունի Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ. Շարմազանով (տեսանյութ)
«Այստեղ ցուցամատով խելք ցույց տալու կարիք չկա, դուք դասախոս չեք, մենք` ուսանող: Պետք չի: Չի կարելի: Մենք մեզ թույլ չենք տալիս քաղաքական փոքրամասնության հետ այդ ոճով խոսել», -այսօր Ազգային ժողովում դիմելով ընդդիմությանը` Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, բոլորն ունեն իրենց կարծիքը, որը հարգել է պետք:
Անդրադառնալով քննարկվող նախագծին և ընդհանրապես, բարեփոխումների քննարկումներին ընդդիմության կողմից հայտարարված բոյկոտին, Շարմազանովն ասաց, որ այն չի ստացվել, քանի որ բոյկոտ հայտարարած քաղաքական ուժերը մասնակցել են բովանդակային քննարկումներին, ինչպիսին եղել են խորհրդարանական լսումները:
Բացի այդ, նրա խոսքով, տարբեր քաղաքական ուժերի հետ Նախագահ Սարգսյանի հանդիպումները ցույց են տվել, որ բարեփոխումների գործընթացի շուրջ կա քաղաքական կոնսենսուս:
«Անհրաժեշտ է անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, անհրաժեշտ է հավասարակշռել իշխանությունների թևերը, անհրաժեշտ է վերացնել մի կենտրոնից կառավարումը: Էս ամենը դուք էիք ասում, հիմա ինչ է պատահել, ինչի՞ն եք դեմ: Դեմ եք, որ համամասնական ընտրակարգը լինի 100 տոկո՞ս, դեմ եք որ ընդդիմության լիազորությունները ավելանա՞ն, դեմ եք, որ գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին, ԿԸՀ նախագահին ու այլ պաշտոնյաներին ընտրենք ընդդիմության հետ միասին: Դեմ եք, որ դուք մասնակցություն ունենաք կարևորագույն պաշտոնյաներին նշանակելու գործո՞ւմ, դեմ եք, որ ունենաք վերահսկիչ գործառո՞ւյթ: Չի կարելի Սահամանդրական բարեփոխումների մի ամբողջ փաթեթ կապել մի պետական գործչի քաղաքական ճակատագրի հետ: Սահմանադրական բարեփոխումների փաթեթը հեչ կապ չունի Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ և խնդրում եմ էդ մանր շահարկումների մեջ մի մտեք», -հայտարարեց Շարմազանովը: