Այս տարվա ընթացքում Երևանում «Շտապ օգնության» կանչերի թիվն ավելացել է
Այս տարվա հունվար-օգոստոսին Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» ՓԲԸ-ն սպասարկել է 158 հազար 999 կանչ, որը 6440-ով ավելի է, քան նախորդ տարի:
Հիվանդանոց է տեղափոխվել 31 հազար 453-ը, որը 2404-ով ավելի է, քան նախորդ տարի:
Մանկական կանչերի թիվը՝ 16 հազար 91 է, 614-ով ավելի 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ:
Հիվանդանոց է տեղափոխվել 6098 երեխա, որը 451-ով ավելի է, քան նախորդ տարի:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվյալները ներկայացրեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա նշեց, որ այս տարվա հունվար, փետրվար, հուլիս ամիսներին ավելի քիչ կանչեր են եղել, քան նախորդ տարվա նույն ամիսներին:
Թ. Ստեփանյանն ասաց, որ կանչերի հիմնական բնույթն են՝ սիրտ-անոթային, նյարդային, սուր շնչական հիվանդություններ, տրավմաներ:
Ըստ նրա, կանչերի թվի ավելացումը վկայում է, որ «Շտապ օգնության» ծառայության նկատմամբ աճել է վստահությունը, ինչպես նաև մարդիկ սկսել են ավելի շատ հետևել իրենց առողջությանը, ցանկանում են ստանալ պրոֆեսիոնալ օգնություն:
«Շտապ օգնության» տնօրենն ասաց, որ ամառային ամիսներին արևահարության 60 դեպք է արձանագրվել, նախորդ տարի՝ 73. «Խոսքը վերաբերում է ոչ միայն փողոցում վատանալու դեպքերին, այլ, օրինակ, գնացել են հանգստանալու Սևան, վերադարձել ու հետո հասկացել, որ արևահարվել են, մաշկը վառվել է»:
Այս տարվա ընթացքում նվազել են նաև սննդային թունավորման դեպքերը. գրանցվել է 35 դեպք, որը 23-ով քիչ է նախորդ տարվա համեմատ:
Նա հայտնեց, որ Երևան քաղաքի «Շտապ օգնության» ծառայությունն ունի 35 մեքենա, օրվա ընթացքում ստանում է 650-670 կանչ, որից միայն 20 տոկոսի դեպքում է հիվանդը տեղափոխվում հիվանդանոց:
Այս տարվա ընթացքում, ըստ «Շտապ օգնության» տնօրենի, քաղաքացիների բողոքների հիման վրա ծառայության երկու աշխատակից ազատվել է աշխատանքից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում