Վահան Մարտիրոսյանի նկատմամբ սեպտեմբերի 9-ին հետախուզում է հայտարարվել. Սոնա Տռուզյան
«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել սույն թվականի սեպտեմբերի 9-ին: Նա մեղադրվում է խոշոր չափի հափշտակություն կատարելու մեջ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են հրապարակել այն մասին, որ Վ.Մարտիրոսյանն ապաստան է խնդրել Ադրբեջանից և վաղը պատրաստվում է ասուլիս հրավիրել:
«Նախնական տվյալներով՝ Վ.Մարտիրոսյանը կնոջ ու երեխայի հետ մի քանի օր բնակվել է ծանոթի բնակարանում, որտեղ շուրջ 4000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար է հափշտակել: Արաբկիրի քննչական բաժնում որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, սակայն վարույթ իրականացնող մարմին չներկայանալու պատճառով սեպտեմբերի 9-ին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,-Panorama.am-ին ասաց Տռուզյանը:
Ինչ վերաբերվում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի ենթակաների կողմից ենթադրյալ ծեծի գործին, ապա Տռուզյանի խոսքով՝ Վ.Մարտիրոսյանն այդ գործով անցում է որպես տուժող, սակայն տուժողի կարգավիճակում երբևէ չի հարցաքննվել, քանի որ չի ներկայացել վարույթ իրականացվող մարմին:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Վ.Մարտիրոսյանը հոգեկան խնդիրներ ունի և հաշվառված է հոգեբուժարանում: