Մերձդնեստրի հակամարտության չլուծվելու պատճառը մոլդովացի քաղաքական գործիչների անմտությունն է
Մերձդնեստրի հակամարտությունը առ այսօր չի լուծվել բացառապես մոլդովացի քաղաքական գործիչների անմտության և սահմանափակության պատճառով,-«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Մոլդովայի դիվանագիտական, քաղաքական և անվտանգության հարցերով հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Վալերի Օստալեպը:
«Այս հարցը վաղուց կարող է լուծված լինել: Այստեղ ընդամենը պահանջվում է Քիշնևի ավելի ակտիվ ներգրավվածություն և Մերձդնեստրի բնակիչների կարծիքի հաշվի առնում: Որևէ այլ բան այս հիմնախնդրի հիմքում դրված չէ: Քիշնևը պարզապես պետք է լսի այն, ինչ ցանկանում են այս շրջանի բնակիչները»,- նշել է Վալերի Օստալեպը:
Ըստ փորձագետի`մնացած բոլոր հարցերը ունեն ոչ թե քաղաքական, այլ զուտ իրավական բնույթ: Համեմատություն անցկացնելով Մերձդնեստրի և ԼՂ հակամարտության միջև, փորձագետը նշել է, որ այս խնդիրները բավական տարբեր են՝ շեշտելով, որ այս պահին հետխորհրդային տարածքում առկա սառեցված հակամարտությունների մեջ պատերազմի վերսկսման ամենամեծ վտանգը հենց լեռնային ղարաբաղում է:
Մոլդովացի փորձագետը հույս է հայտնել, որ կողմերը ողջամտություն կցուցաբերեն և կկանխեն պատերազմական գործողությունների վերսկսումը:
Ինչ վերաբերում է Մերձդնեստրի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա, ըստ փորձագետի, պատերազմի դեպքում Մերձդնեստրի կստանա Կրեմլի անվերապահ աջակցությունը, իսկ հիմնախնդիրը կավարտվի այն անձանց ֆիզիկական ոչնչացմամբ, որոնք և որոշել էին վերսկսել պատերազմը:
Նշենք, որ 1989-1992թթ. Դնեստր գետի հարակից տարածքների ռուսամետ բնակչության և պաշտոնական Քիշնևի միջև հակամարտության ռազմական փուլը ավարտվել է 1992թ. օգոստոսի 1-ին Ռուսաստանի և Մոլդովայի միջև ստորագրված պայմանագրով: Նույն թվականի հուլիսի 7-ին ստորագրվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման պլանը: Հուլիսի 21-ին ստորագրվել է խաղաղ կարգավորման համաձայնագիրը, որին միացել է նաև մերձդնեստրյան կողմը:
Բանակցություններն ընթանում են «5+2» ձևաչափով, որով Մոլդովան և Մերձդնեստրը հանդես են գալիս որպես հակամարտության կողմ, Ռուսաստանը, Ուկրաինան և ԵԱՀԿ-ն՝ որպես միջնորդներ, իսկ ԱՄՆ-ն և Եվրամիությունը ՝ դիտորդներ:
Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունն անցկացրել է անկախության ճանաչման երկու հանրաքվե՝ 1991 և 2006 թթ-ին: Դրան արդյունքներով, ազգաբնակչության գերակշիռ մասը կողմ է արտահայտվել հանրապետության անկախությանը: Այնուհանդերձ, հանրաքվեների արդյունքներն երկու դեպքում էլ չեն ճանաչվել միջազգային հանրության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան