Մենք «ոչ» ենք ասում սեփական գոյությունը երկարաձգելու համար քաղաքական թատերախաղով զբաղվողներին. ԱԺ նախագահ (տեսանյութ)
Սահմանադրության փոփոխությունները կենսական անհրաժեշտություն չեն ոչ իշխանությունների, ոչ իշխող քաղաքական ուժի և ոչ էլ առանձին վերցրած որևէ կուսակցության կամ կազմակերպության համար: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա պնդմամբ, դրանք կենսական անհրաժեշտություն են երկրի, քաղաքական ուժերի ապագայի տեսանկյունից:
«Խոսքը վաղվա կամ մյուս օրվա մասին չէ, ինչպես հաճախ ամբոխահաճությանը գերի ընկնելով, հասարակությանը թյուրիմացության մեջ գցելով պնդում են որոշ քաղաքական գործիչներ կամ մամուլի ակումբների հաճախորդներ: Որևէ մեկը չպետք է երկրի հիմնական օրենքը` Սահմանադրությունը, շփոթի սեփական սահմանադրության հետ, որովհետև այսօր պետությունը բոլորս ենք», -հայտարարեց Սահակյանը` ընդգծելով, որ Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունները «որևէ մեկի սեփականությունը չեն»:
Նա վստահեցրեց, որ Սահմանադրության փոփոխությունները որևէ քաղաքական ուժի կենսաապահովման համար չեն արվում, բայց քաղաքական դաշտի կենսունակության համար են արվում:
«Այս Նախագիծը կոչված է դառնալ քաղաքական ուժերի ոչ թե հակամարտության, այլ համերաշխության, համագործակցության մղող փաստաթուղթ, որովհետև միայն համերաշխ ու հանդուրժող հասարակությունում կարելի է համադրել ուժերը և ապահովել երկրի կայուն զարգացում»,- հավելեց Սահակյանը
Անդրադառնալով Սահմանադրության նախագծի ընդդիմախոսներին, որոնք «ոչ անվանումով ինչ-որ շարժում են ձևավորում», Սահակյանը նկատեց, որ դա ևս Սահմանադրության ընձեռած հնարավորությունների շրջանակում է:
«Մենք կողմ ենք «ոչ»-ի գաղափարին, այո, մենք «ոչ» ենք ասում պոպուլիզմին, քաղաքացիական հասարակության ներուժն անհիմն ու ժամանակավրեպ ակցիաներով վատնողներին, մենք «ոչ» ենք ասում որոշ քաղաքական ուժերի, անհատների անհետացող ու պահ առ պահ վերակենդանացող քաղաքական գործիչների կողմից ժողովրդի զգացմունքների վրա խաղալու գործելակերպին և հանուն սեփական քաղաքական գոյությունը երկարաձգելու քաղաքական թատերախաղով զբաղվելուն: Բայց մենք «այո» ենք ասում քաղաքացիական հասարակության ակտիվությանը, սեփական ճակատագրով անկեղծորեն մտահոգվելու գործելակերպին, Սահմանադրության շրջանակներում տեղավորվող ցանկացած գործունեությանը», -հայտարարեց Սահակյանը:
ԱԺ նախագահի կարծիքով, Սահմանադրության փոփոխությունները կատարվում են ճիշտ ժամանակին, նախապես հստակեցնելով երկրի դիրքորոշումները ու արտաքին քաղաքականության բնագավառում հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական շահերն ու հնարավորությունները: