Արարատցիներին խոստացել են՝ ոչ մի հատիկ խաղող գետնին չի մնա
Երևան-Ստեփանակերտ միջպետական նշանակության ճանապարհն արդեն բաց է, երթևեկությունը կարգավորված է: Խաղողի մթերման պահանջով երեխաների հետ բողոքի դուրս եկած Արարատի մարզի մոտ մեկ տասնյակ գյուղերի բնակիչների հետ հանդիպման էին գնացել գյուղատնտեսության նախարարը, մարզպետը և այլ պաշտոնյաններ:
Փոքր Վեդի գյուղի մշակույթի պալատի շենք մտած գյուղնախարարի հետևից գյուղացիներից որևէ մեկը չգնաց: Բանակցությունները վարեցին դրսում: Գյուղացիները պատմեցին, որ նախարարը խոստացել է՝ խաղողը կմթերեն:
«Բայց ոչ մի հստակ բան չեն ասում, ո՞նց են ընդունելու, ի՞նչ գնով, գումար ե՞րբ են տալու»,-Panorama.am-ին իրենց մտահոգությունները ներկայացրեցին գյուղացիները:
Նրանք այս օրվա ընթացքում սպասում են հստակ պատասխանների, հակառակ դեպքում սպառնում են նորից փակել ճանապարհը, մնալ այնտեղ, քանի դեռ խնդիրը լուծում չի ստացել:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ով նախարարի, մարզպետի ու ոլորտի այլ ներկայացուցիչների հետ Արարատի մարզպետարանում քննարկում է խնդրի լուծման տարբերակաները, Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարը գյուղացիներին խոստացել է, ոչ մի հատիկ խաղող գետնին չի մնա:
Մթերումը, ըստ փոխնախարարի, կիրականացվի նախորդ տարվա գներով՝ մեկ կգ խաղողի դիմաց 150 դրամ: Երկու օրից մթերում կսկսի իրականացնել «Նոյ» գործարանը:
«Ֆինանսական միջոցներ ունեցող վերամշակող ընկերությունները գյուղացիներին կվճարեն անմիջապես, իսկ ֆինանսական խնդիր ունեցողները՝ ըստ գրաֆիկի»,-ասաց փոխնախարարը:
Գարնանից խաղողի՝ սպասվելիք առատ բերքով հպարտացող պաշտոնյաները ինչո՞ւ գյուղատնտեսական տարվա հենց սկզբից չեն կարողացել լուծել մթերման խնդիրը: Հարցին ի պատասխան Մակարյանն ասաց, որ հենց սկզբից աշխատել են վերամշակողների հետ, նրանց պլանները ճշտվել են:
«Բոլորն էլ մթերելու են, մեկ-երկու օրվա խնդիր է, ողջ բերքը, անկախ չափից, մթերվելու է»,-ասաց Մակարյանը:
Նախորդող հրապարակում՝
Միջպետական նշանակության ճանապարհը փակ է, գյուղացիները դուրս են եկել բողոքի