Միայն դատարկաբանության մեծ սիրահարը կարող է նախագահին նման պրիմիտիվիզմի մեջ մեղադրել. Ֆարմանյանը՝ ՀԱԿ-ին
Սա Հայաստանի պատմության մեջ առաջին սահմանադրությունն էր, որը հնարավորություն է տալիս խաղաղ և անցնցնում իշխանափոխություն իրականացնել: Այս մասին ԱԺ-ում ընթացող սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը:
«Երկու տարի առաջ հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանը, մի քանի տարի առաջ հարգարժան Լևոն Տեր-Պետրոսյանը, ունենալով հասարակության շատ ստվար մասի քաղաքական աջակցությունը, շատ կարճ ժամանակահատվածում մսխել են քաղաքական այն կապիտալը, որի արդյունքում, ցավոք սրտի, հասարակության այդ մեծ մասի վստահությունն ունեցած քաղաքական ուժերը այսօր կայացվող որոշումների վրա դե ֆակտո որևէ ազդեցություն չունեն: Առաջարկվող սահմանադրական փոփոխությունները բացառելու են նման իրավիճակներ»,-հայտարարեց Ս.Ֆարմանյանը:
Նկատի ունենալով ԱԺ ՀԱԿ խմբակցության գործիչներին՝ Ֆարմանյանն ասաց. «Ընդդիմադիր խմբակցության որոշ ներկայացուցիչներ, կարծես, սուրճի բաժակ նայելու տրամաբանությամբ մրցավազքի մեջ են մտել՝ որոշելու հանրապետության նախագահի ապագայի հետ կապված քաղաքական մտահղացումներն ու անելիքները: Մի մասը պնդում է, որ հանրապետության նախագահը մտադրություն ունի դառնալու վարչապետ, մյուս մասը՝ ԱԺ նախագահ և այլն: Միայն բուրժուադեմոկրատական հեղափոխություն խոստացող և այդ խոստումը շատ արագ մոռացության տվող քաղաքական ուժի ներկայացուցիչը, այն է՝ դատարկաբանության մեծ սիրահարը կարող է հանրապետության նախագահին չափել սեփական արշինով և նման պրիմիտիվիզմի մեջ մեղադրել»:
Ֆարմանյանը նշեց, որ սահմանական փոփոխությունների նախագիծը կնպաստի մեր քաղաքական, խորհրդարանական համակարգի կայացմանը. «Բոլորս կարող ենք փաստել, որ անկախության տարիներին մեր պետական համակարգը, տարբեր իրողություններով պայմանավորված, զերծ չի մնացել բացթողումներից, սխալներից՝ կապված պետական կառավարման համակարգի արդյունավետության հետ: Սահմանադրության նոր տարբերակը՝ հատկապես կառավարման խորհրդարանական մոդելով պայմանավորված, և իշխանության ավելի տարանջատված, փոխլրացնող այս մոդելը տրամաբանորեն պետք է նպաստի, որ իշխանության բոլոր մարմինները գործեն արդյունավետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները