Մինասի բեմանկարչական ձևավորումներից մեկն է պահպանվել. «Եթե ժամանակին վերականգնվեին...»
Տաղնադաշատ նկարիչ Մինաս Ավետիսյանը հայտնի է ոչ միայն իր բնանկարներով, գրաֆիկական աշխատանքներով և որմնանկարներով, այլ նաև թատերական նկարչությամբ: Մինասը 1962-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է երեք բալետ-նովել՝ «Տիկնիկների աշխարհում», «Իսպանուհին. բոլերո», «Նեգրական թաղամաս», 1971-ին` Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան, 1974-ին` Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը։
Նրա թատերական նկարչությունը բարձր է գնահատել հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը. «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:
Panorama.am-ի հետ զրույցում Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանն ասաց, որ պահպանվել է միայն «Գայանե» բալետի ձևավորումը, վերականգնվել է 7-8 տարի առաջ: '
«Մնացած ձևավորումները գոյություն չունեն: Բեմանկարչական ձևավորումների տեխնիկան հարատև չէ, առավելագույնը 20 տարի, որից հետո քայքայվում են: Իհարկե, եթե ժամանակին վերականգնվեին, կմնային նաև մյուս աշխատանքները»,- նշեց նա:
Ն. Ավետիսյանի խոսքով, «Գայանե» բալետի բեմանկարչական ձևավորումը պարբերաբար ներկայացվում է, վերջերս նաև Մոսկվայում է ցուցադրվել:
Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորման էսքիզ. 3-րդ գործողություն, 1974 թ.
Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ձևավորման էսքիզ, 1971 թ.
Ինչ վերաբերում է Մինասի որմնանկարներին, Նարեկ Ավետիսյանն ասաց, որ արդեն բոլոր որմնանկարները վերականգնված են:
«Վերջինը տեղափոխվել է Գյումրիի նոր քաղաքապետարանի շենք, «Հայկական հովվերգություն»-ն է: Ֆիքսվել է, մնում են վերջին շտրիխները»,- նշեց նա:
Ն.Ավետիսյանը գոհ է վերականգնված որմնանկարների որակից. «Իտալացի մասնագետներ են աշխատել, ովքեր նաև վերականգնել են վերածննդի դարաշրջանի ամենահայտնի վարպետների աշխատանքները: Հայ վարպետները, աշխատելով նրանց հետ, մեծ փորձառնություն ձեռք բերեցին»:
Մինասը իր որմնանկարները ստեղծել էր 1970-74 թթ.։ Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել էր 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում էր հինգ հարյուր քառակուսի մետրի։ 1988թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով որմնանկարները կրում են մասնակի կորուստներ։ Փլուզվում կամ վթարային են դառնում այն շենքերը, որտեղ գտնվում են որմնանարները։ Վերջին տարիներին տաս որմնանկար՝ «Գորգ են գործում» , «Հայաստան», «Խաչքարի մոտ», «Հանդիպում», «Երկանք», «Թորոս Ռոսլինի ծնունդը» և ուրիշներ, վերականգնվել է:
Նշենք, որ Մինասը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ:
Մինասի արվեստին կարելի է ծանոթանալ՝ այստեղ:
Նախորդող հրապարակում՝
«Մինասը նկարչական աշխարհում երևույթ է» (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան