Ռոբերտ Նազարյանը մեկնաբանում է Բիբինից նվեր ստանալու մասին լուրերը
«Իմ ծննդյան օրը հունիսի 26-ին է, և Եվգենի Բիբինը ինձ արդեն երկու տարի է` նվեր չի տվել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` մեկնաբանելով yerkir.am-ի տեղեկությունները, թե «Բիբինը Նազարյանին ստորացրել է` նրան 45 հազար դրամ արժողությամբ ինքնաեռ նվիրելով»:
Նազարյանը տեղեկացրեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ունի վարվեցողության կանոններ, որոնց համաձայն, եթե Հանձնաժողովի նախագահը լիցենզավորված որևէ ընկերության նախագահի հետ հանդիպում է, պարտավոր է տեղյակ պահել հանձնաժողովի մյուս անդամներին, ներկայացնել հանդիպման բովանդակության մասին:
«Երբ Բիբինը 3 տարի առաջ խնդրեց հանդիպում, հանդիպեցինք, հետո ես հանձնաժողովի անդամներին ու աշխատակազմի ղեկավարին կանչեցի ինձ մոտ, տեղյակ պահեցի, որ Բիբինն էր եկել ու շնորհավորում էր իմ ծննդյան օրը: Ասացի նաև, որ նվեր էր բերել` ինքնաեռ», -ներկայացրեց ՀԾԿՀ նախագահը:
Նրա խոսքով, գինը, որը նշված է եղել լրատվամիջոցի հրապարակած տեղեկության մեջ` 45 հազար դրամ, «սխալ է եղել»:
«Ռուսական ռուբլով էր և այն ժամանակվա կուրսով ընդամենը 20 հազար դրամ էր արժեքը այդ ինքնաեռի», -նկատեց Նազարյանը:
Նա նաև վկայակոչեց «Հանրային ծառայության մասին օրենքի» համապատասխան դրույթները, որոնց համաձայն, հանրային ծառայողը կամ պաշտոնատար անձին տրվող նվերը իր արժեքով, եթե գերազանցում է 100 հազար դրամը, ապա հանրային ծառայողը կամ պաշտոնյան նվերը տրամադրում է բարեգործության կամ այդ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունը:
«Ես պարտավոր էի և օրենքի տառը պահպանելով հրավիրել եմ մեր հանձնաժողովի անդամներին, տեղյակ եմ պահել»,-նշեց Նազարյանը: