Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնի հյուրախաղերը՝ Երևանում
Սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևանում կկայանան Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնի հյուրախաղերը: Անվանի կոլեկտիվը, որը մարմնավորվում է փարաջանովյան առեղծվածի զարմանալի գեղագիտությունը, հանդես կգա երկու ներկայացումով:
Սեպտեմբերի 22-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում թատերախումբը կներկայացնի «Արմենիադա» բեմադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Վլադիմիր Գաբբեն է, երաժշտական ղեկավարը՝ կոմպոզիտոր Մադաթ Ավանեսովը, դերակատարներ` Լուիզա Գաբբե, Սվյատոսլավ Սանցևիչ, Վլադիմիր Գաբբե, Սվետլանա Սիվեց, Գևորգ Պողոսյան:
Վ. Գաբբեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ներկայացման թեման համամարդկային է. ««Արմենիադան» Հայաստանի մասին է, բայց հասու է նաև մարդկանց, ովքեր հայերի մասին երբևէ չեն լսել»: Նրա բնորոշմամբ, աա բացառիկ բեմական լուծումներով (կինո-թատրոն համադրություն) ներկայացում է, որը ժամանակակից հանդիսատեսին հնարավորություն է տալիս մտովի տեղափոխվել մեր նախնիների երկիր:
Ներկայացման պրեմիերան կայացել է 2015 թվականի ապրիլի 13-ին, Մոսկվայի միջազգային երաժշտության տան Սվետլանովյան դահլիճում: Երևանյան պրեմիերային ներկայացման ռեժիսորն ու դերակատարեն անհամբեր են սպասում:
Սեպտեմբերի 23-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Կյանքը չես խաղա կրկին» ներկայացումը: Դերակատարներ՝ Լուիզա Գաբբե, Սվյատոսլավ Սանցևիչ, Վլադիմիր Գաբբե, Սվետլանա Սիվեց, մեներգիչ՝ Գևորգ Պողոսյան, դաշնակահար՝ Մադաթ Ավանեսով: Ծրագրում՝ Վ. Վիսոցկի, Բ. Ակուջավա, Ռ. Ռոժդեստվենսկի, Մ. Ցվետաևա, Ի. Բրոդսկի, Ե. Եվտուշենկո, Բ. Ախմադուլինա:
««Արմենիադան» մեր սրտի , մեր հոգու և մեր լարերի ճիչն է և խոսքը, իսկ «Կյանքը չես խաղա կրկին» բեմադրությունը մեր մեծ պոետների` Վիսոցկու, Օկուջավայի, Ցվետաևայի, Կապուտիկյանի և Սևակի հոգու, ինտոնացիայի, ներքին երաժշտության խաչմերուկներն են»,- ասաց Վ. Գաբբեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա