Ոստիկանություն. Վահան Մարտիրոսյանը Հայաստանի պետական սահմանը հատել է մինչև հետախուզում հայտարարելը
Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչպես ստացվել, որ Վահան Մարտիրոսյանը, ով այժմ գտնվում է հետախուզման մեջ, կարողացել է հատել Հայաստանի պետական սահմանը:
Panorama.am-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մանրամասնեց, որ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնից ստացված գրության համաձայն սեպտեմբերի 9-ին Վահան Մարտիրոսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել է հետախուզական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 4-ին, ժամը 00:46-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից հատել է ՀՀ սահմանը»,-ասաց Ա. Ահարոնյանը:
Ոստիկանության տեղեկությունների համաձայն, օգոստոսի 25-ին, ժամը 21:35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի Բաղրամյան պողոտայի բնակչուհի, 1945 թ. ծնված Ռ, Մարգունին և հայտնել, որ իր բնակարանից 4.000 ԱՄՆ դոլար են գողացել:
Նյութեր են նախապատրաստվել, որոնք օգոստոսի 27-ին ուղարկվել են Արաբկիրի քննչական բաժին: Սեպտեմբերի 1-ին Արաբկիրի քննչական բաժնից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն է ստացվել, համաձայն որի՝ հանձնարարվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել դեպքի իրական հանգամանքները, հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը, գողոնի գտնվելու վայրը պարզելու, ինչպես և Վահան Մարտիրոսյանին ու նրա կնոջը հայտնաբերելու և քննության ներկայացնելու, միաժամանակ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել` ապահովելու նրանց՝ ՀՀ-ից չբացակայելու ուղղությամբ:
««ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22.06.2006թ. որոշման համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը նշված համակարգում կարող է մուտքագրել միայն հետախուզման մեջ գտնվող անձանց տվյալները` հետախուզում հայտարարելու կամ դադարեցնելու պահին, ինչպես նաև քրեական հետապնդում իրականացնող մարմնի՝ «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոց կիրառելու մասին տվյալները խափափանման միջոցը կիրառելու մասին հայտարարման պահին. նշված որոշմամբ անձի ելքը արգելափակելու այլ հիմք նախատեսված չէ»,-նշեց Ա. Ահարոնյանը:
Ըստ ոստիկանության տվյալների, սեպտեմբերի 1-ին Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնից ստացված գրության մեջ նշված Վ. Մարտիրոսյանին և նրա կնոջը ՀՀ չբացակայելու հանգամանքը ապահովելը հնարավոր չի եղել կատարել, քանի որ այդ ժամանակ նրանք չեն գտնվել հետախուզման մեջ և նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրված չի եղել:
Սեպտեմբերի 2-ին Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացվել Վահան Մարտիրոսյանի կինը` Կարինե Գասպարյանը, իսկ նույն օրը, ժամը 17:30-ին, քննիչի կողմից տրված՝ Վահան Մարտիրոսյանին որպես վկա բերման ենթարկելու որոշման համաձայն՝ նա բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և ներկայացվել քննության, որտեղ նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, սակայն դրա մասին քննչական բաժնից տեղյակ չի պահվել ոստիկանության Արաբկիրի բաժին: