Նախագահն այցելել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է միջպետական համաձայնության շրջանակում մայրաքաղաքում բացված Մ. Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղ:
Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, ՄՊՀ Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ համալսարանի մասնաճյուղի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի գործունեությանը, ուսումնառության պայմաններին և կրթական ծրագրերին:
Համալսարանի Երևանի մասնաճյուղում, որի դասախոսական կազմը հիմնականում բաղկացած է Մոսկվայից ժամանած բարձրակարգ մասնագետներից, 2015-16 ուսումնական տարում սովորում է 65 ուսանող՝ 15-ը պետական պատվերի, 50-ը պայմանագրային հիմունքներով: Դասընթացներն անցկացվում են հինգ մասնագիտություններով` կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, իրավագիտություն, լրագրություն, լեզվաբանություն և միջազգային հարաբերություններ:
Հանրապետության Նախագահը համալսարանի դահլիճում պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, նրանց ծնողների և միջոցառմանը հրավիրված այլ անձանց հետ լսել է համալսարանի մասնաճյուղի գործունեության մեկնարկի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի ելույթները։
Նրանք իրենց ողջույնի խոսքում շնորհավորել են բուհի ուսանողությանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթել հաջողություններ և կարևորել Հայաստանի կրթական համակարգում նոր կրթական հաստատության՝ Մոսկվայի պետական համալսարանի մուտքը:
Այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել ՄՊՀ-ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիյի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան