Գյուղացու բերքի լավագույնը` հայ զինվորին. (լուսանկարներ)
Սիսիանի զորամասի զինվորների համար սեպտեմբերի 17-ի առօրյան տարբերվեց: Նրանց հյուր էին գնացել Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները և Արարատի մարզի եկեղեցիների հոգևոր հովիվները:
Հյուրերը դատարկաձեռն չէին այցելել զորամասեր:
«Ժողովուրդն իր բերքի լավագույնը ձեզ է ուղարկել, զինվորներ ջան»,-մոտենալով զորամասի հրապարակում կանգնած զինվորներին՝ ասաց Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ, Արտաշատի Սուրբ Հովաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Երվանդ Հարություն Բաբայանը:
Հյուրերին ժպիտով դիմավորող զինվորները ԱՀԹ երիտասարդներին և բերք ու բարիքով բեռնված մեքենաներն ուղեկցեցին դեպի զորամասի պահեստ՝ որտեղ էլ տեղավորեցին իրենց հասանելիք միրգ-բանջարեղենը:
Արդեն երկրորդ տարին անցկացվող «Բերքից լավագույնը զինվորներին» նախաձեռնությանն էին միացել Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ, ովքեր իրենց մրգի ու բանջարեղենի լավագույն մասն ուղարկել էին Սիսիանում ծառայությունն անցկացնող զինվորներին:
«Նմանատիպ միջոցառումներ էլի են եղել, սակայն սա իր մասշտաբով առաջինն է: Շնորհակալ ենք, սա իմ, զինվորների ու զորամասի ամբողջ հրամանատարական անձնակազմի անունից եմ ասում: Զինվորի նկատմամբ ուշադրությունն անգնահատելի է, ուշադրությունն անգամ մի լավ բառի ու ժպիտի տեսքով ջերմություն ու կյանք է հաղորդում զինվորներին»,-նշեց նույն զորամասում արդեն մեկ տարի ութ ամիս իր հոգևոր ծառայությունն անցկացնող Գևորգ Սարկավագ Հակոբյանը:
Սարկավագը պատմեց, որ հաճախ է լինում դիրքերում և ամեն անգամ համոզվում, թե ինչ մարտական ոգի ունի հայ զինվորը:
Տեր Երվանդ Հարություն Բաբայանն էլ զինվորներին իր շուրջը հավաքելով պատմեց, թե ինչպիսի ուրախությամբ ու պատրաստակամությամբ է ժողովուրդը միացել այս նախաձեռնությանը. «Ժողովուրդը ձեր կողքին է: Նրանք ուզում են իրենց ունեցածի, բերք ու բարիքի լավագույնը կիսել ձեզ հետ: Պինդ ու առողջ եղեք»:
Սիսիանի զորմասում ընդամենը երկու ամիս ծառայությունն անցկացնող Գեղամն ասաց, որ շատ են ոգևորվում, երբ հյուրեր են ունենում՝ անկախ ամեն ինչից, կարևորը, որ իրենց հիշում են:
«Բանակում բոլոր մրգերն էլ համով են, հաճելի անակնալ էր»,-ժպտալով ավելացրեց Գեղամը, ով չկարողացավ առանձնացնել, թե որ միրգն էր ավել շատ կարոտել:
«Ես ամենաշատը մեր գյուղի ծիրանն եմ սիրում, բայց ձմերուկն էլ եմ շատ կարոտել»,-ասաց բերքի տեղավորման աշխատանքներին միացած երեք ամսվա ծառայող Գալուստը:
Նախաձեռնության մասնակիցների հաջորդ կանգառը Սիսիանի զինվորական հոսպիտալն էր. այստեղ էլ բաժին հասավ Արարատի մարզի համայնքների բերք ու բարիքից: Արարատի մարզի հոգևոր հովիվները հոսպիտալի անձնակազմին և զինվորներին բաժանեցին օրհնված խաչեր ու աղոթագրքեր՝ նրանց առողջություն ու անփորձանք ծառայություն մաղթելով:
Զինվորների համար նախատեսված միրգ ու բանջարեղենով բեռնված կազմակերպիչները նույն օրը եղան նաև սահմանամերձ Ճամբարակ քաղաքի զորամասում:
«Բերքից լավագույնը զինվորներին» նախաձեռնությունն իրականացվում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» թեմական ծրագրի շրջանակներում: Նախորդ տարի բերքի լավագույնը բաժին էր հասել Եղեգնաձորի սահմանամերձ երկու զորամասի և Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի զինվորներին:
Նախորդող հրապարակումներ՝
30 զինհաշմանդամ դրամական աջակցություն կստանան
«Մենք մեր զինվորի կողքին ենք». 50 միլիոն դրամ կբաշխվի զինվորների ընտանիքներին
Մեկնարկում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ.-ի ծրագիրը
«Մենք մեր զինվորի կողքին ենք». 361 ընտանիք նյութական աջակցություն կստանա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները