Արամ Մանուկյան. Սա փոփոխություն չէ, այլ նոր կոնցեպցիա է
Հայաստանը չի կարող դուրս գալ այս փոփոխությունների բեռի տակից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին:
«Սա փոփոխություն չէ, այլ նոր կոնցեպցիա է, նոր սահմանադրություն է, խստագույնս տարբերվում է գործողից: Եթե անցնի, իրականացումը կտևի տասը տարի, քանի որ հարյուրավոր օրենքներ են պետք, որ այդ ամենը դառնա իրականություն»,- նշեց նա:
Ըստ Ա. Մանուկյանի, Հայաստանը չունի անհրաժեշտ մարդկային, ֆինանսական ռեսուրսներ, միջազգային կազմակերպության աջակցություն, կայունություն, որպեսզի այսքան «տակնուվրա արած փոփոխությունները կարողանան մարսել»:
Ընդդիմադիր գործչի խոսքով, այս փոփոխությունների արդյունքում ընտրությունները, որպես մեխանիզմ վերանալու են: Նա նաև նշեց, որ պառլամենտական համակարգն ի վիճակի չէ պատերազմական իրավիճակի ժամանակ օպերատիվ լուծել խնդիրներ:
«Փոփոխությունների արդյունքում երաշխավորում եմ՝ տեղի են ունենալու լուրջ քաղաքական բախումներ, քաղաքական կեղտոտ մրցավազք, որն արդեն սկսվել է ցուցակներում տեղ գրավելու համար»,- ասաց Ա. Մանուկյանը:
Ըստ ՀԱԿ պատգամավորի, այսօր իշխանությունները միայն ու միայն պետք է ռազմավարություն, մարտավարություն մշակեին և իրականացնեին արտագաղթը կանգնեցնելու համար:
«Այսօրվա խնդիրը Հայաստանը սպառումից փրկելն է: Իսկ այն, ինչ իրենք անում են, արկածախնդրություն է»,- նշեց Ա. Մանուկյանը: