«Armenia EXPO -2015». Նոր շուկաներ ու նոր գործընկերներ ձեռք բերելու լայն հնարավորություն
Փայտե պահարաններ, պատուհաններ, որոնք մարդիկ երկար տարիներ օգտագործելուց հետո նետում են դուրս, չեն վրիպել Համազգային թատրոնի դերասան, ռեժիսոր Սերգեյ Թովմասյանի ուշադրությունից: Նա օգտագործված փայտին երկրորդ կյանք է տալիս՝ պատրաստելով դրանցից տարբեր առարկաներ, հունական դիցաբանությունից և տարբեր ներկայացումներից վերցրած կերպարներ: Tomvood` այսպես է կոչվում Սերգեյ Թովմասյանի ստեղծած բրենդը: Նա իր աշխատանքները ներկայացրել է «Armenia Expo-2015» 15-րդ ամենամյա, տարածաշրջանային, ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսում:
Ս. Թովմասյանն առաջին անգամ է մասնակցում այս ցուցահանդեսին, բայց չորս անգամ ունեցել է անհատական ցուցահանդես, շուտով աշխատանքները ներկայացնելու է նաև Ֆլորենցիայում:
Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գործերը հիմնականում վաճառում է արտասահմանում. «ԱՄՆ-ում մի կին կա, ով կլինիկա ունի, ամբողջն իմ գործերով է ձևավորված»:
Ս. Թովմասյանը նշեց, որ այս գործը չի խանգարում իր դերասանական գործունեությանը, ընդհակառակը՝ օգնում է, «քանի որ հեռու չէ թատրոնից»:
Նկարիչ Արամ Մարտիրոսյանը «Armenia EXPO -2015»-ում ներկայացրել է իր յուրահատուկ տեխնիկայով արված կտավները՝ հատուկ գործիքով խորություն է տրվում, այնուհետև պատվում է ավազով, չորանալուց հետո սկսում է աշխատել յուղաներկով. «Մարդկանց հետաքրքրում է ներկայացված աշխատանքները»:
«Բուկինիստ» գրախանութի մենեջեր Հեղինե Մեդոյանն ասաց, որ ամեն տարի մասնակցում են ցուցահանդեսին:
«Վաճառք չենք հետապնդում, այլ ուզում ենք ցույց տալ մեր ձեռքբերումները, մեր տեսականուն ծանոթացնելու ևս մեկ հնարավորություն է, ձեռք ենք բերում նոր գործընկերներ»,- նշեց նա:
ilik.co կայքի վարպետ Անահիտ Ենգոյանն ասաց, որ ներկայացնում են ձեռքի աշխատանքներ՝ զարդեր, հելյունե գործվածքներ:
«Վաճառվում է, բայց շատ դժվար: Հայաստանում մի մասը գնահատում է ձեռքի աշխատանք, մի մասը՝ ոչ: Հումքը թանկ է: Մասնակցում ենք՝ հույս ունենալով, որ ավելի շատ մարդիկ կծանոթանան մեր աշխատանքներին, կվաճառվի»,- նշեց նա:
«Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ նախագահ Նորա Կարապետյանն ասաց, որ արդեն մի քանի տարի է մասնակցում են այս ցուցահադեսին, տաղավարն իրենց անվճար է տրամադրվել:
«Ներկայացնում ենք մեր միության աշխատողների ձեռքի աշխատանքները: Վաճառում ենք, որպեսզի գումար ունենանք և կարողանանք նյութեր հայթայթել, կարողանանք խմբակների՝ նկարչական, ձեռագործություն, հելյունագործություն, կարուձև, տիկնիկային, աշխատանքը շարունակել: Բարեգործ չունենք»,-նշեց նա:
«Armenia EXPO -2015»-ում ներկայացված է նաև շինարարական արդյունաբերություն, տրանսպորտի, տուրիզմի, սննդի սեկտորները: Ցուցահանդեսում ներկայացված է 100-ից ավելի ընկերություն, մոտ 30 տոկոսն արտասահմանյան՝ ՌԴ, Բելառուս, Ուկրաինա, Իրան, Լիտվա, Լեհաստան, Գերմանիա:
«Կան ընկերություններ, որոնք առաջին անգամ են մասնակցում ցուցահանդեսին ու հենց այստեղ են կատարում իրենց բրենդի շնորհանդեսը: Մասնակցող արտասահմանյան ընկերությունների մեծ մասն այստեղ ներկայացուցչություններ չունեն: Նրանք ցանկանում են ցուցահանդեսի միջոցով գտնել գործընկերներ, համագործակցել տեղական շուկայի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Armenia EXPO -2015» ցուցահանդեսի նախագծի ղեկավար Քրիստինե Պողոսյանը:
Նա նշեց, որ մասնակիցների թիվը տարեցտարի աճում է, նկատվում է մեծ հետաքրքրություն օտարերկրյա կազմակերպությունների կողմից:
«Ռուսաստանի, Բելառուսի կողմից հետաքրքրության աճը կապում ենք Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ»,- ասաց Ք. Պողոսյանը:
Օտարերկյա կազմակերպությունների ներկայացուցիչները մեզ հետ զրույցում կարևորում են նման ցուցահանդեսներին մասնակցելը, մասնավորապես՝ գործընկերներ ձեռք բերելու, նոր շուկաներ դուրս գալու, համագործակցությունն ընդլայնելու առումով:
Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (Գործատուների) միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության հետ համատեղ: Ցուցահանդեսն արդեն 15 տարի է հնարավորություն է ընձեռում արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին, հայրենական և օտարերկրյա արտադրողներին ըստ արժանվույն և առավելագույս արդյունավետ ներկայացնելու իրենց արտադրանքը: Ցուցահանդեսը նաև հնարավորություն է տալիս մասնագետներին և գործարարներին ծանոթանալու արդյունաբերական արտադրության բոլոր ոլորտների վերջին զարգացումներին, տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:
Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (Գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ դիտարկում են այս ցուցահանդեսը որպես աշխատանքային հարթակ տեղական և օտարերկրյա ներդրողների միջև գործընկերային հարաբերություններ հաստատելու համար: Ըստ նրա, ցուցահանդեսի անցկացումը շատ կարևոր է սոցիալ-տնտեսական զարգացման այս էտապում:
Նշենք, որ «Armenia EXPO -2015»-ը կգործի նաև վաղը:
Նախորդող հրապարակում՝
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Արմենիա էքսպո 2015» ցուցահանդեսի բացմանը