ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է հայերին անկախության տոնի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այդ երկրի նախագահ Բարաք Օբամայի ու ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել ողջ հայությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակի կապակցությամբ։ Ուղերձը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական էջում:
«Նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։
Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք շարունակում են մնալ ամուր, քան երբևէ: Դրա մասին է վկայում այսօր Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրման պատմական մակարդակը։ Մենք երախտապարտ ենք միջազգային խաղաղապահ առաքելություններում հայկական զորքերի ցուցաբերած նվիրվածության և զոհողության համար: Տոնում ենք մեր երկու ժողովուրդների մշակույթը հարստացրած հայերի բազմաթիվ ձեռքբերումները»,-ասված է ուղերձում:
Պետքարտուղարի խոսքում նշվում է, որ ԱՄՆ-ն Հայաստանի բարեկամն է ու գործընկերը. «Մենք լիովին աջակցում ենք Հայաստանի անվտանգությանը, բարգավաճմանը և ժողովրդավարական զարգացմանը։ Շնորհավորում եմ և լավագույն բարեմաղթանքներս հղում աշխարհի ողջ հայությանը՝ ցանկանալով խաղաղ և բարգավաճ տարի»։