Շվեյցարիայի դեսպան. ՀՀ-ում բերրի հող ենք գտնում մշակութային բազմաթիվ ծրագրեր իրագործելու համար
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները հիանալի են, համագործակցության ոլորտները բազմաթիվ՝ սկսած քաղաքականից և տնտեսականից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Ըստ նրա, երկկողմ հարաբերություններում էական դերակատարություն ունեն նաև մշակույթի և կրթության ոլորոտները: Դեսպանը ներկայացրեց, թե այս տարվա ընթացքում ինչ միջոցառումներ են անցկացվելու Հայաստանում՝ գերմանացի արվեստագետների մասնակցությամբ՝ ցուցահանդես, համերգ, նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 5-ին ԵՊՀ-ում տեղի է ունենալու հայ-գերմանական գիտության օր:
Գերմանացի դիվանագետը խոսեց նաև Գերմանիայի համագործակցության մասին արդեն հարևան երկրների հետ՝ Շվեյցարիա, Ֆրանսիա` հավելելով. «Նաև այս տարածաշրջանի երկրների միջև հնարավոր է զարգացնել ու խթանել համագործակցությունը»:
Ասուլիսին ներկա ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերն ընդգծեց Հայաստանի հետ ունեցած լավ կապերի ու հարաբերությունների մասին, որոնք զարգանում են քաղաքական, տնտեսական, գիտական ոլորտներում, հատուկ շեշտեց արվեստի ոլորտը:
«Հայաստանում բերրի հող ենք գտնում, բաց գիրկ ենք գտնում մշակութային բազմաթիվ ծրագրեր իրագործելու համար»,- ասաց դեսպանը:
Նշենք, որ Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև մեկնարկում է արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր, որի շրջանակներում նկարիչներին հնարավորություն է ընձեռում վեց ամիս ապրել և ստեղծագործել Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքներում: