Հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների աճ չի գրանցվել
Սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների աճ չի գրանցվել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Գրանցված դեպքերը, ըստ նրա, պայմանավորված են բացառապես սեզոնային մրսածությամբ՝ իրենից վտանգ չներկայացնող հարուցիչներով:
Լ.Թորոսյանի խոսքերով՝ առանձնացվում է վարակի երկու ալիք, որոնցից առաջինը սկսվում է սեպտեմբերին, իսկ երկրորդը` փետրվարին:
«Սեպտեմբերի առաջին տասնօրյակից հետո սեզոնային գրիպների առաջին փուլն է սկսվում՝ կապված ուսումնական հաստատությունների գործունեության վերսկսման հետ, բացի այդ, առավոտյան արդեն սառնություն կա և այդ մրսածությունը բերում է շնչառական վարակների մի փոքր աշխուժացման: Սակայն այս շրջանում դա օրինաչափ է»,- ասաց Լ.Թորոսյանը:
Ըստ մասնագետի՝ հիվանդանոցներում ծանր դեպքերով հիվանդներ չկան, վիրուսային բնույթի թոքաբորբերով հիվանդներ նույնպես չկան:
«Թոքաբորբի դեպքերը, որոնք գրանցված են, պայմանավորված են այլ հիվանդությունների բարդություններով»,- նշեց Լ.Թորոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում