«Զայրացել եմ, որ ընդամենը չորս օրով ենք եկել Հայաստան». Յոախիմ Քյոնեքե
Շվեյցարիայի, Գերմանիայի և Հայաստանի միջև արվեստագետների փոխանակման միջազգային նոր ծրագիր շրջանակում Հայաստանից արվեստագետ Արման Վահանյանը վեց ամիս ապրելու և աշխատելու է Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում՝ «L6» արվեստանոց-կացարանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը:
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի և «Մոդիալ» ցուցասրահի (Բազել, Շվեյցարիա), Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի, «Ալբերտ-Լյուդվիգ» համալսարանի և Ֆրայբուրգ քաղաքի Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ կյանքի է կոչվում արվեստագետների փոխանակման ծրագիր, որի նպատակն է զարգացնել Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքների միջմշակութային կապերը և նպաստավոր պայմաններ ստեղծել արվեստագետների փոխադարձ շփումների համար:
Ս. Հարությունյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում նկարիչներին հնարավորություն է ընձեռում վեց ամիս ապրել և ստեղծագործել Բազել, Ֆրայբուրգ և Երևան քաղաքներում:
«Մենք ակնկալում ենք, որ հայ արվեստագետն այս ծրագրի միջոցով հնարավորություն կունենա դուրս գալ Հայաստանից և ստեղծագործել այլ երկրում: Հայ արվեստագետների 90 տոկոսն ապրում և ստեղծագործում են Հայաստանում, հնարավորություն չեն ունենում իրենց ստեղծած արվեստը դիտարկել այլ տեսանկյունից, ոչ միայն հայաստանյան»,- ասաց նա:
Միաժամանակ Ս. Հարությունյանը հավելեց, որ ծրագրի միջոցով հնարավորություն է ընձեռվում օտարազգի արվեստագետներին գալ Հայաստան. «Արվեստագետի միջոցով հնարավոր է լինում Հայաստանը ճանաչելի դարձնել, նաև հայ արվեստասեր հանրությունն է կարողանում ծանթանալ օտար արվեստի հետ»:
Նա հույս հայտնեց, որ ծրագիրը կլինի երկարաժամկետ:
Ինչ վերաբերվում է Արման Վահանյանի ընտրությանը, Ս. Հարությունյանն ասաց, որ իրենք նախապես հայտարարել էին նման նախագծի մեկնարկի մասին, ներկայացվել էին հայտեր. «Իհարկե, շատ ունենք ժամանակակից արվեստագետներ, սակայն մեզ համար կարևոր է, որ արվեստագետը ոչ միայն աշխատի գեղանկարչության ոլորտում, այլ նաև տպագրական գրաֆիկայի: Արման Վահանյանի դեպքում մեզ համար այս երկու կարևոր գործոններն առկա են»:
Ասուլիսին ներկա «Քրիստոֆ-Մերիան» հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու, արվեստագիտության դոկտոր Ալեքսանդրա Շտեհելին (Բազել, Շվեյցարիա) ասաց, որ ծրագիրն արդեն մի քանի տարի է հիանալի գործում է, իսկ կոնկրետ այս տարածաշրջանը փակ է եղել: Այժմ, ըստ նրա, միասին աշխատելու և կապերն ամրապնդելու լավ հնարավորություն է ընձեռվել:
Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի գործակալության պետ Յոախիմ Քյոնեքեն ասաց. «Մենք տպավորված ենք Հայաստան կատարած մեր այցով: Ունեք շատ հետաքրքիր պատմություն, մշակութային ժառանգություն, հետաքրքիր կյանքով եք ապրում: Զայրացել եմ, որ ընդամենը չորս օրով ենք եկել, ոչ թե չորս շաբաթով: Պետք է նորանոր ծրագրեր մտածենք, որպեսզի հնարավոր լինի հաճախակի գալ Հայաստան»:
Սեպտեմբերի 17- 21ը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հրավերով, Հայաստանում Գերմանիայի և Շվեյցարիայի դեսպանությունների հետ համագործակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում են «Արվեստագետների փոխանակման միջազգային ծրագրում» ընդգրկված կառույցների ներկայացուցիչները` հայկական կողմի միակ գործընկեր և ծրագրի պատասխանատու «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի հետ երկարաժամկետ ծրագրի մեկնարկը պաշտոնապես ազդարարելու նպատակով:
Ծրագիրը կմեկնարկի 2016թ.-ի հունվարին: 2016թ.-ի հուլիսին Երևանը կհյուրընկալի գերմանացի/շվեյցարացի արվեստագետի: Վեցամսյա ժամանակահատվածում ստեղծված աշխատանքները կներկայացվեն անհատական ցուցահանդեսներում:
Նախորդող հրապարակում՝
Շվեյցարիայի դեսպան. ՀՀ-ում բերրի հող ենք գտնում մշակութային բազմաթիվ ծրագրեր իրագործելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա