Խորհրդարական ուժերի ճնշող մեծամասնությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին. ՀՀԿ խոսնակ
«Չի եղել մի քաղաքական ուժ և խմբակցություն, որը չմասնակցեր սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկումներին: Խորհրդարական ուժերի մեծամասնությունն իր դրական վերաբերմունքն արտահայտեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Դուք տեսաք, որ քաղաքական կոնսոլիդացիան այլևս փաստ է»,-ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների շուրջ ԱԺ-ում ընթացող քննարկումներին, ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուրարդ Շարմազանովը:
Ամփոփելով նախագծի շուրջ խորհրդարանական ուժերի գնահատականները՝ Շարմազանովն ասաց. «Մենք տեսանք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ԲՀԿ, ՀՅԴ-ն այսօր հայտարարեցին որ կողմ են սահմանադրական փոփոխություններին: «Ժառանգություն» խմբակցության անդամներից 3-ը, նույնիսկ 4-ը դրական են արտահայտվել փաստաթղթի նկատմամբ: ՀԱԿ խմբակցության երկու ներկայացուցիչները հանդիպել են նախագահի հետ, ներկայացրել են իրենց առաջարկները, «Օրինաց երկիրը»՝ քննարկում է: Մեր նպատակը չի եղել, որ բոլորը կողմ արտահայտվեն, մեր նպատակը առողջ քննարկում կազմակերպելն էր: Տեսանք աննախադեպ քննարկումներ»: