Զինկոմի սպանության կասկածյալը նրա նախկին տեղակալն է, հարուցվել է քրգործ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա Դերենիկ Պապյանի դիակը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետքով:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես գյուղում, վիճաբանության ժամանակ, 41-ամյա Արթուր Մ.-ն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Դ. Պապյանի պարանոցին, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Արթուր Մ.-ն սեպտեմբերի 19-ին, ժամը 00.45-ին, Մովսես գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք հրացանը դեպքի վայրից առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ սպանությունը բացահայտվել է, կասկածյալը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորյալ սպանություն»:
Մեր տեղեկություններով, սպանության մեջ կասկածվող անձը եղել է սպանված զինկոմ Դերենիկ Պապյանի նախկին տեղակալը:
Նախորդող հրապարակում`
Մովսես գյուղում սպանվել է Տավուշի զինկոմը