Արթուր Ալեքսանյան. Աշխարհի չեմպիոն դառնալը դժվար է, իսկ այդ տիտղոսը պահելը՝ էլ ավելի դժվար
Առաջին անգամ դժվար է չեմպիոն դառնալը, իսկ այդ տեղը երկրորդ անգամ պահելն` ավելի դժվար է: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար ՀՀ նախագահի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվելուց հետո լրագրողներին ասաց Արթուր Ալեքսանյանը: Նրան պարգևն հանձնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Աշխարհի չեմպիոն դառնալը դժվար է, իսկ այդ տիտղոսը պահելը՝ շատ ավելի դժվար, որովհետև մեկ տարի շարունակ բոլոր հակառակորդներդ մարզվում են, պատրաստվում»,-ասաց նա:
Արթուր Ալեքսանյանի խոսքով, հուզիչ է, երբ օտար երկրում հնչում է անկախ Հայաստանի հիմնը:
«Երբ բարձրանում է քո երկրի դրոշը, հնչում է քո երկրի հիմնը, զգում ես, որ անկախ Հայաստանի քաղաքացի ես: Հայաստանը շատ լավ երկիրր է»,- նշեց աշխարհի կրկնակի չեմպիոն Ա. Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը հաղթում է՝ այսպիսով դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն: Հայաստանցի մարզիկը 3:0 հաշվով հաղթանակ է տոնել Իրանը ներկայացնող Ղասեմ Ռեզաեի նկատմամբ: Այսպիսով` Ալեքսանյանը պահպանել է 2014-ին Տաշքենդում ձեռք բերած չեմպիոնական տիտղոսը: